Նախատեսվում է ներդնել tax free shopping համակարգի առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել | 1lurer.am

Նախատեսվում է ներդնել tax free shopping համակարգի առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի մասնակցությամբ կառավարման մոդել

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի կարգում։

Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորմամբ ԱԱՀ-ի վերադարձը հնարավոր է, եթե մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն շեմը (50,000 դրամ)։ Գործընթացի կազմակերպումը ներկայումս իրականացվում է պետական կառավարման համակարգի միջոցով (մաքսային և ֆինանսների մարմինների ներգրավմամբ), ինչը ենթադրում է փաստաթղթային շրջանառություն, համեմատաբար երկար ժամկետներ և սահմանափակ թվայնացում։ Միաժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ tax free shopping համակարգերի արդյունավետությունը զգալիորեն կախված է նվազագույն գնման շեմից և կառավարման մոդելից։

Բացի այդ, գործող համակարգում ԱԱՀ վերադարձի գործընթացի միայն պետական կառավարման մոդելը սահմանափակում է դրա օպերատիվությունը և գրավչությունը զբոսաշրջիկների համար։ Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջացել ներդնել առավել արդյունավետ՝ նաև մասնավոր հատվածի (լիազորված օպերատորի) մասնակցությամբ կառավարման մոդել, որի շրջանակներում վերանայվում է մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների արժեքի նվազագույն շեմը՝ ապահովելով գործընթացի թվայնացում և արագացում։

Հետագայում նախատեսվում է քննարկել նաև գործող կարգավորմամբ սահմանված՝ ՀՀ-ից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումը տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ իրականացնելու, ինչպես նաև փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարի՝ 350 հազար դրամը չգերազանցելու սահմանափակումների վերացման հարցը, եթե փաստացի տվյալները վկայեն, որ նման սահմանափակումների անհրաժեշտությունն այլևս բացակայում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն