Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախ տեղի է ունեցել նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Ողջունելով Հանրապետության նախագահին՝ Պետր Պավելը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և պաշտոնական այցով Պրահա ժամանելու համար։ Չեխիայի նախագահը նշել է, որ այցը սպասված է և կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման համար՝ ընդգծելով, որ նախագահական մակարդակով նման ձևաչափի վերջին այցից անցել է շուրջ 12 տարի։ Նա վստահություն է հայտնել, որ այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և այցի բարձր մակարդակով կազմակերպման համար։ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և փոխգործակցությունը շարունակաբար զարգանում են՝ ընդգրկելով ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության համատեքստում։

Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային հարցերը և անդրադարձել համագործակցության առկա ուղղությունների ընդլայնմանն ու նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, էներգետիկայի և ջրի կառավարման ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Կարևորվել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտներում փոխգործակցության խորացումը, ինչպես նաև տնտեսական, կրթական, գիտական և մշակութային կապերի ընդլայնումը։

Նախագահները քննարկել են նաև ատոմային էներգետիկայի և էներգետիկ անվտանգության ոլորտներում փորձի փոխանակման, մասնագիտական կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցերի։ Այս համատեքստում ընդգծվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև խաղաղ գոյակցության և կայունության ապահովման կարևորությունը։

Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Պետր Պավելը վերահաստատել են իրենց հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ընդգծելով այդ սկզբունքների կարևորությունը ինչպես երկու երկրների, այնպես էլ ավելի լայն միջազգային համագործակցության համար»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն