Վրաստանում 2026 թվականի հոկտեմբերին կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Սեպտեմբերի 3֊ին` նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի մշակույթի օրեր ծրագրի կազմակերպմանն առնչվող հարցեր, անդրադարձել երկկողմ մշակութային կապերի զարգացման նոր հնարավորություններին։
Նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, հանդիպել թատրոնի գեղարվեստական ղեկավար Բադրի Մայսուրաձեի հետ:
Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր ծրագիրը կմեկնարկի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։
Նախատեսվում է նաև Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն, որը կգործի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 8-ը: