arm.sputniknews.ru «Մայր Հայաստան» կուսակցությունը Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն քաղաքական ուժի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի։
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով առաջին դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 8-ին։
«Մենք երկու պահանջ ունենք։ Դրանցից մեկը՝ անցկացնել բաց դատավություն, իսկ, եթե այսպես կոչված պետական գաղտնիքի դրվագ կա, այդ մի նիստը կամ նիստի մի մասը կարելի է անել դռնփակ, բայց հիմնական մասը՝ ոչ։ Նախաքննության փուլում, ինչպես նաև դատարան ուղարկված գործում մեղադրանքն արդեն իսկ «փլվել է»։ Հավաքագրում չկա, 623 000 դոլարի ստացում չկա, ամենը հերքվել է։ Երկրորդ պահանջն էլ այն է, որ և՛ Անդրանիկ Թևանյանի, և՛ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցները փոխվեն ու կապ չունենան ազատազրկման հետ։ Դատավարության փուլում գործին խոչընդոտելու հիմքեր այլևս գոյություն չունեն»,- ասաց կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
Հիշեցնենք` Թևանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է մայիսի 23-ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։