Անճշտություններ. ինչպես են դրանք ազդում ընտրությունների արդյունքների վրա

Ազգային ժողովի, ինչպես նաև Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերի քվեների տոկոսը հաշվարկելիս հաշվի են առնվում ոչ միայն նրանց հավաքած ձայները, այլև ընտրությունների ընթացքում արձանագրված անճշտությունները։ Այս ցուցանիշը ներառվում է ընդհանուր հաշվարկում, թեև այն քաղաքական ուժերից որևէ մեկին տրված քվեն չէ։

ՀՀ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն քաղաքական ուժերի միջև, որոնք խորհրդարանական ընտրությունների արդյունքում հավաքում են ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ձայների համապատասխան տոկոսը` կուսակցությունների համար 4, դաշինքների համար՝ 8 կամ 10՝ կախված դաշինքում ներգրավված կուսակցությունների թվից։ Քաղաքական ուժերի հավաքած ձայների տոկոսը հաշվարկվում է բոլոր ուժերի ստացած քվեների և անճշտությունների գումարի հիման վրա։ Անճշտությունների ներառումն այս հաշվարկում, առաջին հայացքից, անհասկանալի է։

Ի թիվս մի շարք այլ համայնքների, Վանաձորում ևս 2026թ․ դեկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու, որի արդյունքները հաշվարկվելու են նույն եղանակով։

Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ ազդեցություն ունի հաշվարկման գործող մեթոդը քաղաքական ուժերի գրանցած վերջնական արդյունքների վրա, և ինչու են ընդհանուր հաշվարկում ներառվում անճշտությունները։

Անճշտությունները՝ գլխավոր դերում

Անճշտությունների թվային տվյալները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներում։ Դրանք յուրաքանչյուր տեղամասի համար առանձին են, ինչպես, օրինակ, որևէ տեղամասում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը, ընտրության մասնակիցների թիվը և այլն։ Տվյալները աղյուսակի ամենավերջին՝ «անճշտություններ» սյունակում են։ Դրանք, սակայն, անվավեր քվեաթերթիկները չեն։ 

Խորհրդարանական այս ընտրությունների արդյունքները տարբեր հաշվարկներով ամփոփելիս պարզվեց, որ 450 ընտրատեղամասերում ընտրության մասնակիցների թիվը հավասար չէ անվավեր և վավեր (բոլոր կուսակցությունների ստացած քվեներ) քվեաթերթիկների գումարին։ 

Ենթադրաբար, այդ տարբերությունն էլ հենց անճշտությունները պետք է լինեին։ Սակայն որոշ դեպքերում տարբերությունը հավասար չէր տվյալ ընտրատեղամասում անճշտությունների քանակին։ Ընտրական օրենսգրքի 12-րդ գլխի 72-րդ հոդվածից բխում է, որ ներկայացված անճշտությունների մեջ մտնում է ոչ միայն վերոնշյալ տարբերությունը, այլ նաև հաշվարկվում է այլ ցուցանիշների միջև եղած տարբերությունը։ 

Փաստորեն, «անճշտություններ» սյունակի տվյալները ներառում են երկու անճշտության գումար, և մեր հայտնաբերած տարբերությունը Ընտրական օրենսգրքով սահմանված երկրորդ անճշտությունն է։ Երկրորդ անճշտությունը հաշվարկվում է, եթե տվյալ ընտրական տեղամասում քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների գումարը մեծ է քվեարկության մասնակիցների ընդհանուր թվից, հակառակ դեպքում նշվում է 0։ Ըստ օրենսգրքի՝ դրան գումարվում է նաև առաջին անճշտությունը, որն արդեն տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի և ընտրողների քվեարկած կտրոնների ու չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի գումարի տարբերությունն է։ 

Այստեղ կարող էր լինել Ձեր տարբերակը

Տեսականորեն «Բարգավաճ Հայաստանը» կարող էր անցնել խորհրդարան, եթե Ընտրական օրենսգրքով քաղաքական ուժի ստացած ձայների տոկոսը հաշվելու համար սահմանված լիներ միայն ըստ բոլոր կուսակցությունների քվեների գումարի հաշվարկ՝ առանց անճշտությունների։ Բացի սա, մենք նույն հաշվարկը կատարել ենք նաև մի քանի այլ մեթոդներով՝ փոխելով բաժանարարը։ Օրինակ՝ եթե ընտրության մասնակիցների ընդհանուր թիվը վերցնենք որպես բաժանարար, ապա նույն կուսակցությունը կստանար 3.9469%։

Անճշտություններ․ ինչպես են դրանք ազդում ընտրությունների արդյունքների վրա

Հարց է առաջանում, թե որտեղից է վերցված այս մեթոդաբանությունը, արդյոք ուրիշ երկրներում օգտագործվում է, թե՞ ոչ, ի վերջո, որն է այս մեթոդաբանության իմաստը։

Ի՞նչ են ասում նախորդ ընտրական օրենսգրքերը

Գործող Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 1999-ին, մինչ այդ ընտրական գործընթացները կարգավորվում էին առանձին օրենքներով։ Օրինակ` խորհրդարանական ընտրությունները կարգավորվում էին «ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» ՀՀ օրենքով։ Այս օրենքում «անճշտությունների» ցուցանիշը դեռ քաղաքական ուժի հավաքած ձայների տոկոսի հաշվարկի մաս չէր, և հաշվարկը հիմնված էր միայն վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա։ 

1999-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում քաղաքական ուժի հավաքած ձայների տոկոսի հաշվարկում արդեն սկսեց կիրառվել վավեր քվեաթերթիկների և անճշտությունների գումարը՝ որպես բաժանարար։ Քաղաքական ուժերի հավաքած ձայների տոկոսը որոշելու այս մեթոդը պահպանվեց 2011-ին և 2016-ին ընդունված Ընտրական օրենսգրքերում։ Մեթոդը չի փոխվել, սակայն փոխվել է անճշտությունների որոշման կարգը։ 

Մինչ 1999 թվականը Ազգային ժողով է ներկայացվել ընտրական օրենսգրքի 4 նախագիծ։ Բոլոր նախագծերում կուսակցությունների միջև համամասնական ընտրակարգով մանդատների բաշխմանը մասնակցելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեին 5%-ի շեմը։

Նախագծերից երկուսում կուսակցության հավաքած քվեների տոկոսը առաջարկվում է հաշվել՝ ներառելով անճշտությունների բաղադրիչը․ մի դեպքում՝ վավեր ձայների և անճշտությունների տարբերության, մյուս դեպքում որպես հաշվարկման հիմք առաջարկվում էր օգտագործել դրանց գումարի արդյունքը։ Անճշտությունների ընդգրկմամբ առաջին նախագիծը Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի՝ 1998-ին ներկայացրած նախագիծն էր, մյուսը՝ Երկապահ պատգամավորների խմբի 1999-ին ներկայացրած նախագիծը։ Վերջինում է առաջին անգամ սահմանվել այժմյան մեթոդաբանությունը։

Անճշտություններ․ ինչպես են դրանք ազդում ընտրությունների արդյունքների վրա
Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագիծը․ 1997թ․ Հայաստանի ազգային արխիվ
Անճշտություններ․ ինչպես են դրանք ազդում ընտրությունների արդյունքների վրա
Հայաստանի կոմունիստկան կուսակցության նախագիծը․ 1998թ․Հայաստանի ազգային արխիվ
Անճշտություններ․ ինչպես են դրանք ազդում ընտրությունների արդյունքների վրա
Վ․ Խաչատրյանի նախագիծը․ 1998թ․ Հայաստանի ազգային արխիվ
Անճշտություններ․ ինչպես են դրանք ազդում ընտրությունների արդյունքների վրա
«Երկրապահ» պատգամավորների խմբի նախագիծ․ 1999թ․Հայաստանի ազգային արխիվ

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի 1997-ի նախագծում կուսակցության հավաքած տոկոսները հաշվարկվում են ըստ քվեարկության մասնակիցների թվի, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագծում՝ ըստ վավեր քվեաթերթիկների, այսինքն՝ ըստ բոլոր կուսակցություններին տրված ընդհանուր քվեների։

Մեզ չհաջողվեց քաղաքական ուժերի ստացած տոկոսը հաշվելու գործընթացում անճշտությունների ներառելու մասին որևէ հիմնավորում գտնել արխիվային փաստաթղթերում, այս նախագծերում և, ի վերջո, գործող օրենսգրքում։ 

Պարադոքսալ չէ. տրամաբանություն ունի

«Կարգավորումը չարաշահումների դեմ է»,- մեզ հետ զրույցում նշեց ընտրական իրավունքի մասնագետ Վարդինե Գրիգորյանը։ Ըստ փորձագետի՝ անճշտությունների ներառման տրամաբանությունն այն է, որ ոչ մի շահագրգռվածություն չլինի, որ լինեն անճշտություններ, այդուհանդերձ, եթե լինեն, ինչ֊որ կարգավորում է պետք։ 

«Եթե պատկերացնենք, որ կարելի էր, օրինակ, կորցնել քվեաթերթիկներ, եթե դա քեզ հարմար է, որը քանակով կդառնա անճշտություն, բայց, փաստացի, դա ոչ մեկի օգտին չէ։ Կեղծիքների դեմ պայքարի տեսանկյունից սա ամենաճիշտ մոտեցումն է։ Ստացվում է՝ անճշտությունները փաստացի վնասում են բոլորին, որովհետև բոլորից ինչ֊որ տոկոս պակասեցնում են։ Իրականում, այս պահի դրությամբ, աննշան տոկոս է պակասեցնում»,- ասում է Վարդինե Գրիգորյանը։

Ըստ փորձագետի, եթե ինչ֊որ մի երկրում օրենսդրությունը չի կարգավորում սա, չի նշանակում, որ լավ է։ «Մեր բախտը և՛ բերել է, և՛ չի բերել այն իմաստով, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն ամեն ինչ կարգավորում է»,- հավելում է Վարդինե Գրիգորյանը։ 

Արտասահմանյան փորձը ընտրական ցուցակների որոշման կարգում

Վրաստանի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մանդատները բաշխվում են այն քաղաքական ուժերի միջև, որոնք հավաքել են վավեր քվեների առնվազն 5%-ը։ Վավեր քվեները Վրաստանի Ընտրական օրենսգրքում սահմանվում են որպես «բոլոր ընտրական սուբյեկտների համար տրված ձայների ընդհանուր թիվ»։ Սակայն պետք է նկատել նաև այն փաստը, որ Վրաստանում քաղաքական ուժի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ տոկոսային շեմը 1 տոկոսային կետով բարձր է, քան Հայաստանում։ 

Հետխորհրդային մեկ այլ պետության՝ Լատվիայի Սեյմը ևս ձևավորվում է համամասնական ընտրակարգով։ Լատվիան 2004-ից Եվրամիության անդամ է։ Այստեղ ևս Խորհրդարան անցնելու և մանդատներ ստանալու համար քաղաքական ուժից պահանջվում է հատել 5%-ի շեմը։ Քաղաքական ուժի հավաքած ձայների տոկոսը հաշվարկվում է կրկին ըստ վավեր քվեների։ Լատվիայի Ընտրական օրենքում խորհրդարան անցնելու շեմը հաշվելու համար անճշտությունները չեն օգտագործվում:

«Չեխիայի ընտրությունների մասին օրենքում» ևս հստակ սահմանված է խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը։ Այն, ինչպես Հայաստանում, տարբեր է կուսակցությունների և դաշինքների համար։ Չեխիայի խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն վավեր քվեաթերթիկների 5 %-ը, 2 ուժերից բաղկացած դաշինքները՝ 8%-ը, 3 և ավելի ուժերից բաղկացած դաշինքները՝ 11 %-ը։ Այս տոկոսային շեմերը վերաբերում են Չեխիայի խորհրդարանի ստորին՝ Պատգամավորների պալատի ընտրություններին, որոնք անցկացվում են համամասնական ընտրակարգով։

Վրաստանն ընտրել ենք որպես տարածաշրջանային երկիր, որը նաև հետխորհրդային է և խորհրդարանական կառավարման համակարգ ունի։ Լատվիայի օրինակը ներառել ենք որպես հետխորհրդային, սակայն եվրոպական և ԵՄ իրավաքաղաքական միջավայրում ձևավորված երկիր։ Չեխիան ընտրել ենք որպես Կենտրոնական Եվրոպայի օրինակ։ Դիտարկված 3 երկրների ընտրական օրենսդրությամբ քաղաքական ուժերի հավաքած ձայների տոկոսը հաշվարկվում է ըստ վավեր ձայների։ Այս երկրներում դաշտը կարգավորող իրավական ակտերում անճշտությունները չեն առանձնացվում որպես առանձին կատեգորիա, և, ինչպես տեսանք, չի ներառվում քաղաքական ուժի հավաքած ձայների տոկոսի հաշվարկում։ 

Այսպիսով, անճշտությունների ներառումը խորհրդարանական և ավագանու մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակների որոշման կարգում նախատեսված է որպես ընտրական գործընթացում հնարավոր կեղծիքների և հաշվարկային շեղումների ազդեցությունը նվազեցնելու մեխանիզմ։ Այն ազդեցություն է ունենում բոլոր քաղաքական ուժերի ստացած տոկոսների վրա՝ նվազեցնելով դրանց հարաբերական կշիռը։