Ավելի հարմար փորձառության համար կարող եք տեղադրել մեր հավելվածը անմիջապես ձեր բրաուզերից։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) պետական (հանրային) ֆինանսավորումն իրականացվում է տարբեր նպատակներով։ Մի կողմից գիտնականների հետաքրքրություններից բխող ՀևՄ-ն է, որի վերջնարդյունքը սովորաբար գիտական աշխատանքների հրապարակումն է տեղական կամ միջազգային ամսագրերում, մյուս կողմից՝ պետության կարիքներից բխող ՀևՄ-ն, որի դեպքում սպասվող արդյունքը պետության համար այս կամ այն տեխնոլոգիայի մշակումն է, գերատեսչություններին հետաքրքրող հետազոտական հարցերին պատասխան տալը և այլն։
Հայաստանում ավանդաբար հանրային ֆինանսավորման մեծ մասը հատկացվել է առաջին տեսակի ՀևՄ-ին, մինչդեռ հաճախ է խոսվում այն մասին, որ գիտությունը պիտի հավասարապես ծառայի նաև պետության կարիքներին։
«Ինֆոքոմն» ուսումնասիրել է, թե գիտության ֆինանսավորման որ մասն է վերջին տարիներին հատկացվել պետության կարիքներին ուղղված ՀևՄ-ին, գերատեսչությունների պատվերով ինչ հետազոտություններ են իրականացրել հետազոտական կառույցները, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀևՄ ֆինանսավորման կարգում, և պետության կարիքներին ուղղված ՀևՄ ֆինանսավորման ծավալի ինչ փոփոխություններ են սպասվում։
Հայաստանում հետազոտությունները հանրային (պետական) միջոցներից ֆինանսավորվում են երեք եղանակով․
Ֆինանսավորման հենց վերջին տեսակն է, որ իրականացվում է գերատեսչությունների կարիքների հիման վրա կամ, ինչպես հաճախ նշում են, պետական պատվերով։ Եթե ֆինանսավորման առաջին երկու տեսակների դեպքում հետազոտողների առջև դրված պահանջը միջազգային հեղինակավոր հարթակներում ինդեքսավորված ամսագրերում հրապարակումներն են, ապա նպատակային-ծրագրային ֆինանսավորումն ուղղված է հենց պետության խնդիրների լուծմանը։
Նշված բոլոր տեսակների համար ֆինանսական միջոցները հատկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (ԲԿԳԿ)։
Առանձին բյուջե է հատկացվում նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերական կոմիտեին՝ պաշտպանական կարիքներին ուղղված գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար (ԳՀՓԿ)։
Ստորև կարող եք տեսնել, թե 2020-2025 թթ․ Կառավարությունը հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) որ ուղղություններին որքան ֆինանսավորում է հատկացրել, և որքանն է փաստացի ծախսվել (2026-ը ներկայացված չէ, քանի որ փաստացի ծախսերը դեռևս առկա չեն):
2025-ի դրությամբ ամենամեծ մասնաբաժինը հասել է բազային ֆինանսավորմանը, հետո դրամաշնորհային (թեմատիկ) ծրագրերն են, իսկ ամենափոքր մասնաբաժինը հատկացվել է նպատակային ֆինանսավորմանը։
Ստորև կարող եք տեսնել, թե հետազոտական որ կառույցներին է նպատակային ֆինանսավորում ուղղվել 2020-2026 թթ․։
Հետաքրքիր է, որ նախորդ տարիներին գիտական կազմակերպություններն են եղել նպատակային ծրագրերի մեծ մասի իրականացնողները, սակայն 2025-2026 թթ․ ակտիվացել են նաև համալսարանները։
Նախկինում նպատակային ծրագրերը, որքան էլ, ըստ կարգավորումների, պետք է բխեին գերատեսչությունների կարիքներից և, հետևաբար, վերջիններիս պատվերով իրականացվեին, ունեին ավելի շատ «ներքևից վերև» բնույթ․ հիմնականում գիտնականներն էին առաջարկում թեմաներ, որոնք կարող էին բխել այս կամ այն գերատեսչության կարիքներից։
Վերջին տարիներին կառավարությունն այս մեխանիզմը փոխելու փորձ արեց, մասնավորապես՝ 2025-ին ԲԿԳԿ-ն դրամաշնորհային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում իրականացրեց «Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր 2025» մրցույթը։ Մրցույթի շրջանակում գերատեսչություններից հավաքագրվեցին հետազոտական խնդիրներ, որոնց լուծումներ առաջարկած հետազոտական կառույցները ստացան ֆինանսավորում։ Խնդիրներ էին հավաքագրվել 5 գերատեսչությունից, ֆինանսավորման էր արժանացել 32 հայտ՝ ընդհանուր 953 մլն դրամ բյուջեով։ Ստորև կարող եք տեսնել, թե որ գերատեսչություններն են ամենից շատ խնդիրներ առաջադրել, և հետազոտական որ կառույցներն են ամենաշատ ծրագրերի համար ֆինանսավորում ստացել։
Անցած տարվա վերջին ընդունվեց հետազոտությունների ֆինանսավորման նոր կարգ, և «Պետության պահանջարկի վրա հիմնված նախագծերի» օրինակով փոխվեց նպատակային ծրագրերի տրամաբանությունը։ ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ այս անգամ հենց գերատեսչություններից են հավաքագրել նրանց հետաքրքրող հարցերը, դրանց հիման վրա հայտարարվել է մրցույթ։
«Մենք [գերատեսչություններին] ասացինք՝ ինչքան ուզում եք, ազատ եղեք ձեր ձևակերպումներում։ Դրանից հետո գերատեսչություններից ներկայացուցիչների, գիտնականների հավաքեցինք, որոնք ի վիճակի են հասկանալ հետազոտությունների կիրառական մասն ու հարցադրումները։ Երկար աշխատանքային քննարկումներով փորձեցինք գերատեսչություններից ստացված խնդիրների ցանկը մշակել, պահել քիչ թե շատ հետազոտական բնույթ ունեցող ու գիտնականներին վերաբերելի ծրագրերը, ու մրցույթ հայտարարեցինք»։
Սարգիս Հայոցյան
ԲԿԳԿ նախագահը նշում է, որ ստացել են 200 հայտ՝ 14 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով։ Այս տարի ԲԿԳԿ-ն ամփոփելու է հայտերը, և փորձաքննությունները ցույց կտան, թե որ հայտերն են ֆինանսավորվելու 2027-ի բյուջեով։
Համեմատության համար նշենք, որ 2026-ի բյուջեով նպատակային ծրագրերին հատկացվել է 306 մլն դրամ ֆինանսավորում, իսկ 2027-ի բյուջեով, ըստ Սարգիս Հայոցյանի, դեռևս նախատեսված է 600 միլիոն դրամ։ Անգամ եթե 14 միլիարդ բյուջեով հայտերի միայն կեսը բավարարվի, դա 10 անգամ գերազանցում է 2027-ին նպատակային ծրագրերի համար նախապես որոշված բյուջետային հայտը։
Հարցին, թե արդյո՞ք կառավարությունը պատրաստ կլինի այդքան շատ ֆինանսավորում հատկացնել նպատակային ծրագրերին, Սարգիս Հայոցյանը պատասխանում է՝ թե հայտերից քանիսը կհաստատվի, պարզ կդառնա փորձաքննությունից հետո, իսկ ֆինանսավորման չափը կախված է նրանից, թե «ԲԿԳԿ-ն ինչպես կկոմունիկացնի»։
ԲԿԳԿ նախագահը շեշտում է, որ նոր կարգավորումներով չի բացառվում նաև նախորդ տարբերակը, երբ գիտնականներն իրենք էին հայտեր ներկայացնում, և գտնվում էր համապատասխան գերատեսչություն, որին հետազոտական թեման հետաքրքիր էր։
«Երբեք պետք չէ բացառել, որ ներքևից վերև կարող է լինել նախաձեռնություն, որը պետության կարիքներից է բխում»։
Սարգիս Հայոցյան
Բացի նպատակային ծրագրերից՝ գոյություն ունեն նաև այլ մեխանիզմներ, որոնցով գիտահետազոտական կառույցները կարող են պետության կարիքները բավարարել։ Մասնավորապես՝ տարբեր գերատեսչություններ կարող են դիմել այդ կառույցներին՝ այս կամ այն հարցով խորհրդատվություն, կարծիք ստանալու կամ հետազոտություն իրականացնելու։ Նման աշխատանքների ծավալը հասկանալու նպատակով «Ինֆոքոմը» 2026-ի սկզբին հարցումներ է ուղարկել ՀՀ պետական մարմիններ (նախարարություններ, վարչապետի և նախագահի աշխատակազմեր, տեսչական մարմիններ, կոմիտեներ)՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե արդյոք վերջին 5 տարիների ընթացքում (2020-2025 թթ․) այդ մարմինները և դրանց ենթակա կառույցները դիմել են պետական, մասնավոր, արտասահմանյան գիտահետազոտական կազմակերպությունների՝ խորհրդատվական կարծիք ստանալու, փորձաքննություն կամ հետազոտություն իրականացնելու համար։
Միաժամանակ հարցումներ ենք ուղարկել նաև գիտական կազմակերպություններին և համալսարաններին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք վերջիններս պետական մարմիններից 2020-2025 թթ․ ստացել են դիմումներ՝ փորձաքննությունների, հետազոտությունների կամ խորհրդատվական կարծիքի համար։
Մեր հարցումներին գերատեսչություններից առավել մանրամասն պատասխանել է Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ գիտահետազոտական կառույցներից՝ Արևելագիտության ինստիտուտը։ Հարցումների պատասխաններին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ստորև։
Հարցումներ ենք ուղարկել 34 պետական մարմինների, որոնից 12-ը՝ նախարարություններ, վարչապետի և նախագահի աշխատակազմեր, Երևանի քաղաքապետարան, 12-ը՝ կոմիտեներ, 6-ը՝ տեսչական մարմիններ և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։
34 մարմիններից 10-ը հարցմանը պատասխանել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված՝ 5-օրյա ժամկետի խախտմամբ։ 34 մարմիններից 9-ը (Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարություններ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Պետական եկամուտների կոմիտե, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմիններ) նշել է, որ նշված ժամանակահատվածում չի դիմել որևէ հետազոտական կառույցի։
5 մարմին (Քաղաքաշինության կոմիտե, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, Կադաստրի կոմիտե, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) թերի տվյալներ է տրամադրել։
3 մարմին հրաժարվել է պատասխանել հարցմանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պահանջվող տվյալները որակել է պետական գաղտնիք։ Երևանի քաղաքապետարանը նշել է, թե շատ մեծ ծավալի ինֆորմացիա ենք պահանջում, որը չեն կարող հավաքագրել։ Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հարցված տվյալները հրապարակված են պետական գնումների Armeps հարթակում, այնինչ հարթակում հրապարակված գնումներում մենք չկարողացանք գտնել հարցման բովանդակությանը վերաբերող տեղեկություններ։
6 մարմին (Միասնական սոցիական ծառայություն, Ջրային, Քաղաքացիական ավիացիայի, Զբոսաշրջության, Պետական գույքի կառավարման, Լեզվի կոմիտեներ) չի պատասխանել մեր հարցմանը։
Ստորև ներկայացնում ենք հարցումների պատասխանները, որոնցից դուրս ենք թողել նպատակային և պետության պահանջարկի հիման վրա իրականացված ծրագրերի շրջանակում համագործակցությունները (մեր հարցմանը չպատասխանած պետական մարմինները ևս ներկայացված չեն ստորև)։
Էկոնոմիկայի նախարարությունը և Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը 2025 թվականից համատեղ իրականացնում են հետազոտություններ՝ «ՀՀ արտաքին առևտրի մրցունակության հիմնախնդիրները» և «Աշխատուժի պահանջարկի բացահայտման և կանխատեսման մոդելներն NL (բնական լեզվի մշակման,- խմբ․) մեխանիզմներն ըստ կրթական մակարդակի և վարչատարածքային բաժանման» թեմաներով։
Ֆինանսների նախարարության և ՌԴ ֆինանսների նախարարության միջև երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի կողմից իրականացվել և ներկայացվել են հետևյալ հետազոտությունները.
Նշված հետազոտությունների շրջանակներում ներկայացված եզրահանգումներն ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վարվող քաղաքականությունների մոտեցումներին:
ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկով ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացվել է «ՀՀ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի զարգացման հիմնական ուղղությունները» թեմայով հետազոտություն: Արդյունքները ներկայացվել են 2025 թ․ տարեվերջին, և հետազոտության նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների և ծրագրերի շրջանակում անհրաժեշտ ուսումնասիրությունները հիմնականում իրականացվել են ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից։ Ռազմավարությունների և իրավական ակտերի մշակման շրջանակում, ըստ անհրաժեշտության, ներգրավվել են նաև փորձագետներ միջազգային կառույցներից։
«ԱՄԵՐԻԱ» կառավարման խորհրդատվական ծառայության և «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» խորհրդատվական ընկերության աջակցությամբ մշակվել է ՀՀ զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ։
«ԱՄԵՐԻԱ» կառավարման խորհրդատվական ծառայությունըան կողմից մշակվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. նոր ռազմավարությունը և դրանից բխող՝ 2022-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որը հաստատվել է։ Կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունել է «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությունը հաստատելու մասին» որոշումը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնն իրականացրել է հետևյալ հետազոտությունները, որոնք հաշվի են առնվել զբաղվածության ոլորտի պետական քաղաքականության մշակման շրջանակում՝
2023 թ․ իրականացվել է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության համակարգի բարելավում» միջոցառում, որի գնահատման համար ԱՍՀ նախարարությունը մեկ անգամ դիմել է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։
2024 թ․վականին իրականացվել է «1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» բյուջետային ծրագրի «12004 Ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին դրամական աջակցություն» միջոցառման մշտադիտարկում և գնահատում։ Միջոցառման գնահատման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկ անգամ դիմել է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է, որ 2024 թ․ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) և «ԹՈՒՄ Ինթերնեյշնլ ՋիԷմբիԷյջ» ընկերության միջև Կառվարության որոշման հիման վրա մեկ անձ ընթացակարգով կնքվել է պայմանագիր «Ակադեմիական քաղաքի» զարգացմանն ուղղված համալիր խորհրդատվական ծառայությունների մատուցման համար։
Մեկ այլ որոշմամբ «ԱրԷսՅուՓի Րաբե Սթրաթիջիք Ուրբան Փլենինգ» կազմակերպության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և ԲԿԳԿ-ի հետ կնքվել է պայմանագիր Քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար, որը ներառում է սոցիալ-տնտեսական և քաղաքաշինական զարգացման մոդելների ձևավորում, գույքերի կառավարման վերաբերյալ առաջարկների մշակում, ինչպես նաև Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) ներդրում և քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի համար անհրաժեշտ քարտեզագրման աշխատանքների իրականացում։
N 1645-Ա որոշմամբ էլ «Սիտեմատիկա ԷսԱրԷլ» ընկերության, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և ԲԿԳԿ-ի միջև կնքվել է «Տրանսպորտի և շարժունության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու ծառայությունների մատուցման» մասին պայմանագիրը։
N 59-Ա որոշմամբ ԲԿԳԿ-ի, «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ի և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի միջև կնքված պայմանագրով ընկերությունը պետք է ճարտարապետական նախագծման ծառայություններ մատուցի։
N 71-Ա որոշմամբ ԲԿԳԿ-ի, «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ի և «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերսի» միջև կնքվել է պայմանագիր ճարտարապետական նախագծման ծառայությունների մատուցման համար։
N 1533-Ն որոշմամբ ԲԿԳԿ-ի, «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» կազմակերպության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի միջև կնքված պայմանագրով ընկերությունը մատուցել է խորհրդատվական ծառայություններ Ակադեմիական քաղաքի կրթական կլաստերի ձևավորմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար:
ԲԿԳԿ-ի ու ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև 2025 թ․ հունվարի 20-ին կնքվել է համաձայնագիր ՀՀ կենտրոնի հնագիտական արշավախմբի կողմից Ակադեմիական քաղաքի տարածքում գտնվող բրոնզեդարյան բնակատեղիի և ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնին Ակադեմիական քաղաքի տարածքի աղբի ծավալների հաշվարկի պատվիրակման համար։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախարարության կազմավորման պահից (2023-ի մարտ) որևէ կառույցի չեն դիմել, իսկ մինչ այդ եղած տեղեկությանը չեն տիրապետում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի» շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերություն ՓԲԸ-ի միջև 11.05.2022 թ. կնքվել է «ճանապարհային ենթակառուցվածքներին սպառնացող բնական աղետների ռիսկերի գնահատման տեխնիկական աջակցություն» խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը:
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի» կողմից իրականացվել և 2022 թ․ ներկայացվել է Երասխ-Նախիջևանի սահման ու Ջուլֆա-Ագարակ-Մեղրի-Մինջևան՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու հատվածների նախնական գործիքային և ակնադիտական զննում:
2023 թ․ նախարարության խնդրանքով Ասիական զարգացման բանկի կողմից կատարվել են Երևանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղու կառուցման հնարավոր տարբերակների ընտրության, ինչպես նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրու երկաթգծի կայարան երկաթուղու կառուցման հնարավորության հարցերի ուսումնասիրություններ:
2023 թ․ Tetra Tech ընկերությանը պատվիրել են տրանսպորտային զարգացման ռազմավարության և դրա շրջանակներում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացումը, սակայն USAID-ի կողմից ֆինանսավորման դադարեցմամբ պայմանավորված՝ նշված աշխատանքները մնացել են անավարտ: 2025 թ․ նախարարությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ իրականացնելու «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրանով պայմանավորված՝ «Տրանսպորտային զարգացման ռազմավարության» մշակման աշխատանքները:
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հայտնել է, որ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացվել են միջուկային և ճառագայթային անվտանգության ոլորտում գիտահետազոտական և վերլուծական աշխատանքներ, մշակվել են ոլորտին վերաբերող օրենսդրական և նորմատիվ իրավական փաստաթղթերի նախագծեր, իրականացվել է Հայկական ԱԷԿ-ի և միջուկային ու ճառագայթային անվտանգության ոլորտում գործող այլ կառույցների շահագործման անվտանգությունը հիմնավորող բազմաթիվ փաստաթղթերի փորձաքննություն և դիտարկում։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնել է, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ, «Լասմեդ» ՍՊ, «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունների, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունների շրջանակներում վերոգրյալ կազմակերպությունների կողմից իրականացվում են ջրի լաբորատոր հետազոտություններ, դեղերի փորձաքննություն, ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների, աղմուկի և թրթռման մակարդակի չափումներ:
Վիճակագրական կոմիտեն Համաշխարհային բանկի հետ ֆինանսավորմամբ իրականացրվել է ECASTAT դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են Գյուղատնտեսական կառուցվածքային հետազոտություն, Անհատական բնակարանային շինարարության հետազոտություն, Արդյունաբերական արտադրանքի (ներքին և արտաքին շուկաներում) գների ինդեքսի հետազոտություն և Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտություն։ Վերը նշված հետազոտությունների դաշտային աշխատանքները իրականացրել է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ն։
Քաղաքաշինության կոմիտեն նշել է, որ չի դիմել հետազոտության համար և հավելել՝ Կոմիտեի կողմից մշակվող նորմատիվ իրավական փաստաթղթերը, օրենսդրական նախագծերը՝ կախված թեմատիկ ուղղությունից, ուղարկվում են ոլորտային հասարակական կազմակերպություններին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին, Երևանի պետական համալսարանին, Գիտությունների ազգային ակադեմիային, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, Հայաստանի շինարարների միությանը, Ճարտարապետների պալատին, Կառուցապատողների հայկական ասոցիացիային՝ մասնագիտական կարծիքի կամ առաջարկների ստացման նպատակով: Բացի այդ՝ առանձին հարցերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում Կոմիտեն դիմում է նաև «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին:
Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվում են ծրագրեր՝ մի շարք ոլորտային ուղղություններով՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և տեղայնացման նպատակով։
Կադաստրի կոմիտեն նշել է, որ ակտիվ համագործակցում է գիտական, հետազոտական ընկերությունների, ինչպես նաև համալսարանների հետ, սակայն կոնկրետ տվյալներ չի ներկայացրել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 72 անգամ դիմել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ ձկնատեսակների, թռչունների, կենդանիների տեսակները նույնականացնելու նպատակով, 3 անգամ՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ին, 6 անգամ՝ «Անալիտիկ» ՓԲԸ-ին՝ հանքանյութի նմուշների լաբորատոր ուսումնասիրության նպատակով, 110 անգամ՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ձկների վարակիչ և մակաբուծային հիվանդությունները պարզելու, ինչպես նաև ձկնատեսակի սննդի համար պիտանելիությունը որոշելու նպատակով։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «ՇԵՄՔ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի մի շարք հասցեներում ստուգման արդյունքում հայտնաբերված կոնստրուկտիվ կրող հեծանների վրա հայտնաբերված ուղղահայաց ճաքերի, ավելացված հարկերի կառուցման հնարավորության և սյուների կրողունակության ուժեղացման կոնստրուկտիվ լուծումների վերաբերյալ համալիր փորձագիտական եզրակացություն տրամադրելու համար։
ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրով, տեսչական մարմնի պատվերով ներկայացվել են Երևան քաղաքում գտնվող 2 բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատում և շենքերի ապահով շահագործման հնարավորության վերաբերյալ եզրակացություններ:
2020-2025 թթ․ ընթացքում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի շրջանակներում տեսչական մարմնի մասնագիտական սարքավորումների ստուգաչափման և տեսակի հաստատման նպատակով ձևավորվել է 14 հարկային հաշիվ:
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերայի ուսումնասիրությունների կենտրոնի, Հեռահար զոնդավորման գերմանական EOMAP ընկերություն հետ համատեղ 2020-2023 թթ․ իրականացրել էSEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր լճի մոնիթորինգը, մոդելավորումը, սնուցիչների հաշվեկշռի կազմումը, հեռազննման կիրառումը լճի մոնիթորինգի համակարգում և Սևանա լճի երկարաժամկետ մոնիթորինգի հայեցակարգի մշակումը։ Մոդելավորման արդյունքների հիման վրա գնահատվել է Սևանա լճի վիճակը և ներկայացվել կառավարման բարելավման վերաբերյալ առաջարկություններ։
SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» և EU4Sevan ծրագրերի շրջանակներում մշակվել է «Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի հայեցակարգը», որի պահանջների իրականացման նպատակով ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացվում են Սևանա լճի հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայություններ։
EU4Sevan ծրագրի շրջանակներում 2024 թ․ հիդրոլոգիական մոդելի կիրառմամբ մոդելավորվել է Սևանա լճի ապագա ներհոսքի դինամիկան, ջրհավաք ավազանի ապագա ջրային հաշվեկշիռը մինչև 2100 թ․՝ տարբեր կլիմայական սցենարների ներքո։
2024 թ․ մայիսի 26-ի հեղեղումներից հետո Շվեյցարիայի Համադաշնության «Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության (SDC)» աջակցությամբ և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի հետ համատեղ 2024-2025 թթ․ իրականացվել է «2024 թվականի մայիսյան հեղեղումները Հայաստանում» իրադարձության վերլուծությունը։
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության («Ռոսհիդրոմետ») «Հիդրոօդերևութաբանական տեղեկատվության համառուսաստանյան հետազոտական ինստիտուտ-Համաշխարհային տվյալների կենտրոնի» կողմից «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում ներդրվել է «Реки-Режим» ծրագրային համալիրը։
Հայաստանը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ (ՀՕԿ) է, և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը, ըստ անհրաժեշտության, մասնագիտական խորհրդատվություն պարբերաբար մասնագիտական խորհրդատվություն է ստանում է ՀՕԿ-ից։
Ներկայումս Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության աջակցությամբ և EW4ALL նախաձեռնության շրջանակներում իրականացվում է Հայաստանի վաղ նախազգուշացման համակարգի կարիքների գնահատումը և ճանապարհային քարտեզի մշակումը։
Համաշխարհային բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի հիդրոօդերևութաբանական ծառայությունների և համակարգի արդիականացման երկրորդ ճանապարհային քարտեզի մշակումը, որը կարևոր ռազմավարական փաստաթուղթ է ոլորտի երկարաժամկետ զարգացման համար։
Փոխըմբռնման և համագործակցության հուշագրեր են կնքվել մի շարք գիտական հաստատությունների հետ՝, ամրապնդելով համագործակցության կապերը։ Մասնավորապես՝ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ, որոնց հետ իրականացվել են տարբեր գիտական ծրագրեր։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի առջև դրված խնդիրների, մասնավորապես՝ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի բնագավառում գիտատեխնիկական, կիրառական, մեթոդական, օպերատիվ աշխատանքների իրականացման նպատակով գիտականորեն հիմնավորված կարծիքներ և եզրակացություններ տրամադրելու, թեմաները քննարկելու նպատակով «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում գործում է նաև գիտատեխնիկական խորհուրդ, որին անդամակցում են նաև տարբեր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ։
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում 2020-2025 թթ․ ընթացքում հետազոտությունների, փորձաքննությունների իրականացման և/կամ խորհրդատվական կարծիքի պատվերով պետական հիմնարկը դիմել է.
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը 2020-2025 թթ. ընթացքում կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնելու նպատակով համագործակցել է ներքոնշյալ կառույցների հետ՝
Վերոնշյալ բոլոր համագործակցային գործընթացները համակարգվել են նախարարության կողմից:
ՇՄՆ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը 2020-2025 թթ․ ընթացքում չի դեմել որևէ գիտական, հետազոտական և կամ փորձաքննական կառույցի հետազոտությունների, հետազոտությունների, փորձաքննությունների իրականացման և կամ խորհրդատվական կարծիքի համար։ ՊՈԱԿ-ը 2020-2025 թթ․ համագործակցել է տարբեր գիտահետազոտական կառույցների հետ, մասնավորապես՝
Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը (Փորձաքննական կենտրոն) հետազոտությունների, փորձաքննությունների իրականացման և/կամ խորհրդատվական կարծիքի պատվերով որևէ գիտական, հետազոտական և/կամ փորձաքննական կառույցի հարցումներ չի կատարել։ Փորձաքննական կենտրոնը համագործակցում է տարբեր պետական և մասնավոր կառույցների հետ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան, իր լիազորությունների շրջանակներում, փորձաքննական գործընթացում ներգրավելով գործընթացի մասնակիցներին:
Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը 2020-2025 թթ. ընթացքում պետական պատվերի շրջանակներում իրականացրել է՝
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2020-2025 թթ․ թվականների ընթացքում համագործակցել է ներքոնշյալ կառույցների հետ.
Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը 2021-2025 թթ․ «Ջրվեժ» անտառպարկում արձանագրված անտառպաթոլոգիական խնդիրների գնահատման և արդյունավետ լուծումների մշակման նպատակով հաստատել է շարունակական համագործակցություն Կենդանաբանության ինստիտուտի, Ռուսաստանի բույսերի կենտրոնի աշխատակիցների, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետների հետ։
Տրված խորհրդատվական եզրակացությունների և մասնագիտական կարծիքների հիման վրա «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել են անտառպաթոլոգիական ուսումնասիրություններ և պարբերական մոնիթորինգ, որոնց արդյունքում հայտնաբերվել են հիվանդությունների և վնասատուների օջախներ։ Հայտնաբերված օջախներում իրականացվել են պայքարի համալիր միջոցառումներ․ էտվել են առավել վարակված ճյուղերը, աշխատանքների ընթացքում առաջացած բուսական մնացորդները հեռացվել են տարածքից, իրականացվել է բնաբաժակների փորում և թարմացում, պտղատու ծառերի բները կրապատվել են, ինչպես նաև իրականացվել են քիմիական պայքարի միջոցառումներ։
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ջրվեժ» անտառպարկում աճող Սոճի սովորական (Pinus sylvestris L.) տեսակի մոտ առկա են կեղևակեր վնասատուներ։ Իրականացված միջոցառումների արդյունքում գրանցվել են զգալի դրական արդյունքներ։
Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային և Պոլիտեխնիկական համալսարանները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, մեր հարցմանն ի պատասխան, հղում է տրամադրել՝ նշելով, թե հայցվող ողջ տեղեկությունը հասանելի է այնտեղ։ Հղումը, սակայն, ակտիվ չէր, իսկ մեր հետագա զանգերին ինստիտուտից այդպես էլ չպատասխանեցին։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2020-2025 թթ․ ընթացքում ներկայացրել է 60 խորհրդատվական կարծիք, 51 հետազոտություն պետական մարմիններին, սակայն չի նշել պատվիրատուների անունները։
Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը 2020-2025 թթ․ ընթացքում իրականացրել է 12 նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքներ Քաղաքաշինության կոմիտեի պատվերով։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը 2020-2025թթ․ իրականացրել է հետևյալ ծրագրերը․
Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտն իրականացրել է՝
Պատմության ինստիտուտը, բացի նախագծերից և ծրագրերից, կարծիք է ներկայացրել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ փոստային վճարման պետական նշանների ցանկը համալրելու նպատակահարմարության վերաբերյալ, Երևանի քաղաքապետարանին՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի ժողովածուի գիտականության վերաբերյալ:
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը նշված ժամանակահատվածում ունեցել է 4 պայմանագիր ՀՀ ՊՆ-ի և ԲՏԱՆ-ի հետ․ պայմանագրերի անվանումները գաղտնի են։
Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2020-2025 թթ. ԿԳՄՍ նախարարության պատվերով պարբերաբար մասնակցել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերի թարմացման և համալրման աշխատանքներին՝
Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը Կառավարության 20-ից ավելի որոշումների և օրենքների նախագծերի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել։
Մաթեմատիկայի ինստիտուտին խորհրդատվական կարծիքի համար դիմել է միայն ԿԳՄՍ նախարարությունը, սակայն ինստիտուտը թեման չի նշել։
Երկրաբանական գիտությունների ինստիտուտը նշել է, որ 2020-2025 թթ. ՀՀ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից և գերատեսչություններից հետազոտությունների, փորձաքննությունների իրականացման և կամ խորհրդատվական կարծիքի տրամադրման համար բազմակի անգամ ստացել է գրություններ, որոնց պատասխանել է, սակայն չի հստակեցրել դրանց բովանդակությունըԼ
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը նշել է, որ նմանատիպ վիճակագրություն չի վարում, իսկ խորհրդատվական բնույթի հարցումներ ներկայացրել է ԿԳՄՍՆ և ԲԿԳԿ:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նշել է, որ իր իրականացրած բոլոր փորձաքննությունները (օրինակ՝ մշակութային ժառանգության գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելու գործընթացներ) և գիտահետազոտական աշխատանքները/ծրագրերը (օրինակ՝ նպատակային) կապված են ԿԳՄՍՆ (այդ թվում՝ ԲԿԳԿ) հետ կամ արվում են ԿԳՄՍՆ անմիջական միջնորդությամբ՝ որպես ԿԳՄՍՆ պատվերներ:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը հայտնել է, որ 2020-2025 թթ. Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիան մասնակցել է հետևյալ պետական ծրագրերի իրականացմանը՝
Մեխանիկայի ինստիտուտը նշել է, որ 2020-2025 թթ. իրենց դիմել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերի մշակման (տեղայնացման) աշխատանքների իրականացման խումբը: Արդյունքում բետոնի հաշվարկային դիմադրության վրա բեռնվածքների երկարատևությունը հաշվի առնող գործակցի արժեքը թեթև բետոնների համար 0.9-ից դարձել է 0.55:
Մեխանիկայի ինստիտուտը նաև հանդիսացել է ՃՇՀԱՀ-ի կողմից ներկայացված ատենախոսության առաջատար կազմակերպություն:
2025 թ. դիմել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեն՝ Արաբկիր վարչական շրջանի Օրբելի եղբայրների փողոցի մի քանի հասցեներում կառուցվող մինչև 40 վերգետնյա հարկ ունեցող 5 բազմաբնակարան շենքերի սեյսմիկ և հակահրդեհային պաշտպանության համակարգերի հաշվարկների ու նախագծման համար հատուկ տեխնիկական պայմանների վերաբերյալ կարծիք տրամադրելու նպատակով: Այս հարցի վերաբերյալ ինստիտուտը կարծիք չի ներկայացրել:
Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նշել է, որ ինստիտուտին դիմել են՝
Արվեստի ինստիտուտը հայտնել է, որ՝
Արևելագիտության ինստիտուտը նշել է, որ պետական կառավարման համակարգին գիտականորեն հիմնավորված փորձագիտական գիտելիքի փոխանցում է իրականացրել գիտաժողովների, աշխատաժողովների միջոցով։ 2020-2025 թթ․ կազմակերպել է միջազգային գիտաժողովներ, աշխատաժողովներ, կլոր սեղաններ և այլ գիտակրթական միջոցառումներ, որոնց ակտիվորեն մասնակցել են ՀՀ տարբեր գերատեսչությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։
Նշված միջոցառումներն, ըստ ինստիտուտի, ունենալով նաև կիրառական նշանակություն, ծառայել են որպես փորձագիտական–խորհրդատվական հարթակ՝
Արևելագիտության ինստիտուտը միջազգային գիտաժողովների ու աշխատաժողովների կազմակերպման ու նախապատրաստման ընթացքում շատ դեպքերում տեսակետներ ու կարծիքներ է փոխանակել ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների ու ղեկավարների հետ՝ ՀՀ ազգային հետաքրքրությունների տեսանկյունից թիրախային խնդիրներին շահեկան լուծումներ տալու ուղղությամբ:
Ինստիտուտն ընդունել է ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, դեսպանների, ներկայացրել իր մոտեցումները գիտական դիվանագիտության զարգացման, երկկողմ հարաբերությունների հեռանկարի և դրանցում գիտակրթական բաղադրիչը զարգացնելու վերաբերյալ։ Ինստիտուտում գործող «Հանդիպում դիվանագետների հետ» ձևաչափի շրջանակներում ինստիտուտում հյուրընկալվել են հայ և օտարերկրացի դիվանագետներ:
Ինստիտուտի գիտաշխատողները խորհրդատվական-փորձագիտական գործունեության շրջանակում համագործակցել են ՀՀ ԱԳՆ, ԱԺ, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, Պաշտպանության նախարարության, Միգրացիայի ծառայության, նվտանգության խորհրդի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և այլ գերատեսչությունների հետ, որոնցից ինստիտուտն առանձնացրել է հետևյալները՝
Ինստիտուտը նաև աջակցել է ՀՀ պետական կառույցների, օրինակ՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի աշխատակիցներին և ծառայողներին՝ ինստիտուտում անվճար հիմունքներով երրորդ աստիճանի ուսումնառություն ստանալուն:
Ինստիտուտի տրամադրած խորհրդատվությունները և փորձագիտական կարծիքները վերաբերում են հիմնականում տարածաշրջանային քաղաքական գործընթացներին, միջազգային հարաբերություններին, արտաքին քաղաքականության վերլուծությանը, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Եվրասիայի, Հեռավոր և Միջին Արևելքի երկրների ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին, անվտանգության և ռազմավարական հարցերին:
Նշված փոխգործակցությունն իրականացվել է խորհրդատվական և գիտափորձագիտական աջակցության շրջանակում և առանց առանձին պայմանագրային հետազոտական պատվերների ձևակերպման, հիմնականում չհանրայնացման /Chatham House/ ձևաչափով։
Ինստիտուտը հայտնել է, որ չունի տեղեկություններ այն մասին, թե տրամադրված վերլուծություններն ու խորհրդատվությունն ինչպիսի կիրառություն են ունեցել համապատասխան գերատեսչությունների կողմից։
Ինստիտուտը նաև ներկայացրել է պետական գերատեսչությունների հանձնարարականների կատարման մասին որոշ տեղեկություններ, ինչպես նաև հայտնել, որ իրականացրել է նախագծերի, ծրագրերի, տարբեր փաստաթղթերի ուսումնասիրություններ՝ ներկայացնելով առաջարկներ կամ մասնագիտական կարծիքներ, նաև կազմակերպել օտարերկրյա լրագրողների կամ պատվիրակությունների այցեր։
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը նշել է միայն տարբեր նախագծերի, օրենքների և որոշումների վերաբերյալ քննարկումներին մասնակցության մասին, ինչպես նաև հայտնել, որ յուրաքանչյուր տարի Կենտրոնական բանկին տրամադրել է առաջարկություններ անվանի հայ գիտնականների և գիտության ոլորտում ազգային նշանակություն ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ հուշադրամների թողարկման ծրագրերն իրականացնելու համար։