Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով | 1lurer.am

Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում այցելել է «Watermelon Ecosystem» ընկերություն։

Նախարարությունից հայտնում են՝ օգոստոսի 27-ին ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով՝ հետագայում արտահանման ծավալների ընդլայնման հնարավորությամբ։

«Ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ Գևորգ Պապոյանը շրջել է տարածքով, ծանոթացել գործունեությանը, ենթակառուցվածքներին և արտադրական հնարավորություններին։

«Watermelon Ecosystem»-ը Դուբայում հիմնադրված սննդի և ըմպելիքների ոլորտի տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ռեստորաններին, հյուրանոցներին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների, մատակարարման շղթայի կառավարման և ֆինանսավորման լուծումներ։ Ընկերությունը նաև ակտիվորեն աշխատում է տեղական արտադրողների և մատակարարների հետ՝ նպաստելով նրանց արտադրանքի հասանելիությանը սննդի սպասարկման ոլորտում։

Քննարկվել են ՀՀ-ում ներդրում կատարելու հնարավորությունները և ձեռք է բերվել պայմանավորվածություն  առավել սերտ գործակցել՝ ինչպես ներդրումային ծրագրերի իրականացման, այնպես էլ հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն