Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները Դուբայում մտքեր են փոխանակել IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները ՀՀ-ում ներկայացնելու շուրջ | 1lurer.am

Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները Դուբայում մտքեր են փոխանակել IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները ՀՀ-ում ներկայացնելու շուրջ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Al-Futtaim Group-ի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպմանը մասնակցել է նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանում ձևավորված բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, երկրի մրցակցային առավելություններն ու ներդրումային ներուժը՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման և նոր ներդրումային ծրագրերի ներգրավման կարևորությունը։

Այնուհետև մտքեր են փոխանակվել «Al-Futtaim Group»-ի հարուստ միջազգային փորձի և մասնագիտական ներուժի ներդրմամբ Հայաստանում համագործակցության հնարավորությունների՝ մասնավորապես IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները Հայաստանում ներկայացնելու շուրջ:

Անդրադարձ է կատարվել փոխշահավետ ներդրումային նախաձեռնությունների իրականացման և հետագա գործակցությունը զարգացնելու հեռանկարներին։

«Al-Futtaim Group»-ը ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող ընկերություն է, որի գործունեությունն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ՝ ավտոմոբիլային արդյունաբերություն, մանրածախ առևտուր, անշարժ գույք, ֆինանսական ծառայություններ, առողջապահություն և կրթություն։ Ընկերությունը գործում է ավելի քան 20 երկրում, ունի ավելի քան 40,000 աշխատակից։ Ընկերության պորտֆելը ներառում է ավելի քան 200 միջազգային և սեփական բրենդեր։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն