Արփինե Սարգսյանը մասնակցել է ՆԳՆ կրթահամալիրի կացարանային նոր մասնաշենքի բացմանը | shantnews.am

Արփինե Սարգսյանը մասնակցել է ՆԳՆ կրթահամալիրի կացարանային նոր մասնաշենքի բացմանը

Առավել բարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար․ շահագործման է հանձնվել կացարանային նոր մասնաշենքը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Սեպտեմբերի 8-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է մասնաշենքի բացման արարողությանը։ Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, նախարարության և կրթահամալիրի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Նախարարը շրջել է նոր մասնաշենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսանողների համար ստեղծված կեցության պայմաններին։

Կացարանային այս մասնաշենքը կահավորված և հագեցած է ուսանողների առօրյան լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով ու հարմարություններով։ Բացի հարմարավետ սենյակներից՝ ստեղծվել են ընդհանուր օգտագործման և կենցաղային նշանակության տարածքներ, որոնք հնարավորություն կտան պատշաճ կազմակերպելու ուսանողների կեցությունը, ուսումնառությունն ու հանգիստը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոր մասնաշենքի գործարկումը կարևոր քայլ է կրթության գործընթացի շարունակական բարելավման ուղղությամբ։

Նախարարը նշել է, որ ուսանողների մշտական ներկայությունը կրթահամալիրում հնարավորություն կտա առավել լիարժեք ներգրավելու ուսումնառության գործընթացում, ձևավորելու սոցիալական կապեր և սերտ հաղորդակցություն հաստատելու մյուս սովորողների՝ իրենց ապագա գործընկերների հետ։ Համատեղ ուսումնառությունն ու կեցությունը, Արփինե Սարգսյանի խոսքով, կնպաստեն նաև ծառայողական միջավայրին առավել հեշտ հարմարվելուն, արդյունավետ փոխգործակցությանը և թիմային աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների ձևավորմանը։

Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքային նպատակը ՆԳ նախարարության համակարգի՝ մասնագիտական կադրերի պահանջարկի ապահովումն է։ Ըստ նախարարի՝ կրթահամալիրի շրջանավարտները պետք է իրենց մասնագիտական գործունեությունը շարունակեն ՆԳՆ համակարգում՝ համալրելով առկա թափուր հաստիքները և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելով համակարգի կարիքներին։

Կրթական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ակտիվորեն շարունակվում են նաև ՆԳՆ կրթահամալիրի այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Արփինե Սարգսյանը տեղում ծանոթացել է նաև դրանց ընթացքին և առաջիկա անելիքներին։

ՆԳ նախարարը հետևել է նաև ապագա պարեկների՝ մեքենավարման և մասնագիտական այլ հմտությունների կատարելագործմանն ուղղված գործնական պարապմունքներին, ծանոթացել ուսուցման ընթացքին։

Արփինե Սարգսյանը կարևորել է գործնական պատրաստության շարունակական կատարելագործումը՝ ընդգծելով դրա նշանակությունը մասնագիտական գիտելիքների ամրապնդման և ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարման տեսանկյունից։

Ապագա պարեկները նախարարին ներկայացրել են նաև իրենց դիտարկումներն ու կարծիքները ուսուցման որակի, կիրառվող մեթոդների և կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն