Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում | armenpress.am

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում | armenpress.am

armenpress.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում՝ մատնանշելով մարտական գործողությունների պատճառով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թիվը: Այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնում  Լիբանանի հարավում, առանձնապես Նաբատիեի շրջանում Իսրայելի ռազմական գործողությունների սրման կապակցությամբ: Նա դատապարտում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի  թվի աճը…. Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները», – նշվում է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգված է հիվանդանոցներին, բուժաշխատողներին և հանրային ինստիտուտներին իսրայելական հարվածների, ինչպես նաև հումանիտար օգնության մուտքի սահմանափակումների առնչությամբ։

Ավելի վաղ Լիբանանի բանակի հրամանատարությունը զորքերին հրաման է տվել ուժեղացնել պարեկությունը Նաբատիեի նահանգի բնակավայրերում՝ Իսրայելի ռմբակոծություններից հետո:

Սեպտեմբերի 4-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը չեն հեռանա Լիբանանից այնքան ժամանակ, մինչև շիաների «Հեզբոլլահ» շարժման կազմավորումները չզինաթափվեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն