Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել | armenpress.am

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել | armenpress.am

armenpress.am Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող 20 նոր սանմաքրման փոշեկուլ է ձեռք բերել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք գնել ենք էլեկտրական սանմաքրման 20 տեխնիկա, որն իրականացնում է ավտոմատացված մաքրման աշխատանք։ Կարծում եմ՝ սա լինելու է մեր առաջին խմբաքանակը։ Շատ պարզ համակարգ է, բայց մյուս կողմից՝ բավականին արդյունավետ և ունի երկու հիմնական ֆունկցիա՝ փոշեկուլի ֆունկցիա և ջրով մաքրման հնարավորություն։

Կարծում եմ, որ սա լինելու է առաջին խմբաքանակը, որը մեր սանմաքրման աշխատակիցներն արդեն այս տարվանից սկսելու են օգտագործել, և արդյունավետությունը վերջնականապես հասկանալուց հետո մենք կշարունակենք այս տեսակի սարքավորումների համալրումը։

Օգտագործման տեսանկյունից այն բավականին պարզ է: Նույնիսկ հենց այսօր մենք փորձարկեցինք և հասկացանք, որ արագ և հեշտ կարելի է հասկանալ՝ ինչպես է աշխատում և տեղաշարժվում սարքը»,-ասաց քաղաքապետը:

Նա նշեց, որ այս մեկ սարքը մոտավորապես արժեցել է 10 միլիոն 900 հազար դրամ, որն, ըստ քաղաքապետի, նման սարքավորման համար բավականին խելամիտ գին է։

Հարցին՝ փոշեկուլները նախատեսված են հիմնականում տերևնե՞ր, թե՞ նաև այլ աղբ մաքրելու համար, քաղաքապետը պատասխանեց, որ փոշեկուլները նախատեսված են բոլոր տեսակի մանր աղբը մաքրելու համար։

«Այս սարքավորումները նախատեսված են այն հատվածների համար, որոնք ավելի դժվար անցանելի են մեր մյուս տեխնիկաների համար, օրինակ՝ նույն Karcher փոշեկուլների և Karcher մեքենաների համար։ Միանշանակ, մենք ծրագրում ենք, այսպես ասած, փորձնական խմբաքանակը փորձարկելուց հետո համալրել ավելի մեծ քանակով՝ բոլոր վարչական շրջաններում»,-ավելացրեց Տիգրան Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն