azatutyun.am Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հրավիրել է ադրբեջանական բանտ՝ տեսակցելու այնտեղ պահվող հայ գերիներին:
«Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի՝ Ումբակիի քրեակատարողական հիմնարկ՝ մեր հետ հանդիպման։ Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է և որևէ բարդություն չպետք է որ լինի։ Գաք և ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։ Ադրբեջանի Հանրապետության Ձեր գործընկերուհին էլ հավանաբար Ձեզ կուղեկցի և Դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք», – ասել է Դավիթ Իշխանյանը՝ հիշեցնելով, որ անցած մայիսին հեռակա դիմել էր որոշ հարցերով և ստացել զրո պատասխան:
Հայաստանի ՄԻՊՆ-ն, ըստ Իշխանյանի, այդպես էլ քայլեր չի ձեռնարկել Ադրբեջանի բանտում պահվող Հայաստանի քաղաքացիների դատավճիռները ստանալու և իր ընտանիքին փոխանցելու համար:
Խոսելով Ադրբեջանի ՄԻՊ-ի մասին, Դավիթ Իշխանյանը նշել է, որ Ադրբեջանի օմբուդեսմենն անցած 3 տարիներին 3 անգամ հանդիպել է իրենց, վերջին անգամ մայիսին: Հանդիպման ընթացքում հայ գերիները Սաբինա Ալիևային տեղեկություններ են փոխանցել իրենց իրավունքների խախտումների մասին, ակնկալելով նրա աջակցությունը:
Արցախցի նախկին պաշտոնյան, շնորհակալություն է հայտնել Սաբինա Ալիևային իր «նրբանկատության և իրենց ուղարկված սուրճի, թեյի քաղցրավենիքի և գրքերի համար»: Բայց ինչպես նշել է Դավիթ Իշխանյանը, իրենց բարձրացրած հարցերը «կենցաղային չեն»:
Արցախի խորհրդարանի նախկին ղեկավարը նշել է, որ այս մայիսին Ադրբեջանի ՄԻՊ-ին խնդրել էր իր ընտանիքին փոխանցվել Բաքվի ռազմական դատարանի կողմից դեռևս փետրվարին կայացված դատավճիռը:
Իշխանյանը տեղեկացրել է, որ անգամ իր պաշտպանն առ այսօր այդ դատավճիռն այդպես էլ չի ստացել, «արգելք է դրված»:
Չնայած տիկին Ալիևան, ըստ Դավիթ Իշխանյանի, խոստացել էր դատավճռի ադրբեջաներեն տարբերակը փոխանցել իր ընտանիքին, սակայն 4 ամիս անց խոստումն այդպես էլ չի կատարել:
«Ես և ընտանիքս սպասում ենք, տիկին Ալիևա, նույնը մյուսները», – Ադրբեջանի ՄԻՊ-ին ասել է Իշխանյանը: