armenpress.am Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետագայում դրանք նախնական և համարժեք փոխհատուցմամբ օտարելու նպատակով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած կառավարության որոշման նախագիծը սեպտեմբերի 9-ին հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Հանրային քննարկումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը։
Նախագծի համաձայն՝ բաժնետոմսերի ձեռք բերողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ օտարման գործընթացը համակարգող և դրա համար պատասխանատու լիազոր մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2027 թվականի մայիսի 1-ը։ Օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը և ավարտվի մինչև հոկտեմբերի 1-ը։
Որպես օտարման նպատակներ նշվում են պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովումը։
Ըստ նախագծի՝ օտարումը կապահովի էլեկտրաէներգիայի անխափան, հուսալի և շարունակական մատակարարումը՝ նպաստելով Հայաստանում ավելի քան մեկ միլիոն սպառողի սպասարկմանը։ Այն նաև հնարավորություն կտա ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ իրականացնել արդյունավետ պետական վերահսկողություն։
Նախագծում նշվում է, որ ՀԷՑ-ի նկատմամբ կիրառված ժամանակավոր կառավարումն ունի կանխարգելիչ և ժամանակավոր բնույթ ու չի կարող փոխարինել էներգետիկ ենթակառուցվածքի նկատմամբ երկարաժամկետ և կայուն գույքային վերահսկողությանը։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը ՀԷՑ-ի կառավարման ժամանակավոր փուլից երկարաժամկետ լուծման անցում է նախատեսում։
Սեփականության օտարումը, ըստ փաստաթղթի, անհիմն վնաս չի պատճառի սեփականատերերին, քանի որ բաժնետոմսերի օտարումը կիրականացվի նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկու ամսվա ընթացքում պետք է կազմի օտարվող գույքի նկարագրության արձանագրությունը։ Ժամկետը կարող է մեկ անգամ երկարաձգվել առավելագույնը ևս երկու ամսով։ Արձանագրությունը հաստատելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է կազմակերպվի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում