Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին, խմելու ջրի մաքրման համակարգերի արտադրությամբ, տեղադրմամբ և շահագործմամբ զբաղվող բելգիական «BOSAQ» ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյքոբ Բոսսաերին, ինչպես նաև ընկերության միջազգային հարաբերությունների պատասխանատու Էնթոնի Տարիգանին։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ խմելու ջրի ապակենտրոնացված մաքրման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջանաձև ջրօգտագործման՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանող տարբերակները։
Բելգիական «BOSAQ» ընկերությունը մասնագիտացած է ինքնավար, մոդուլային և վերականգնվող էներգիայով աշխատող ջրի մաքրման համակարգերի մշակման գործում։ Ընկերության կողմից առաջարկվող լուծումները հատկապես կիրառելի են հեռավոր և գյուղական համայնքների համար։
Քննարկվել են նաև արդյունաբերական ջրի վերօգտագործման հնարավորությունները, ինչպես նաև ջրային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նորարարական տեխնոլոգիական լուծումները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ջրային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են պետական և մասնավոր ֆինանսական կառույցների միջոցով դրամաշնորհների և արտոնյալ վարկերի ներգրավման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են Հայաստանի ջրային ոլորտում ժամանակակից և կայուն լուծումների ներդրմանն ուղղված ծրագրերի շրջանակում տեխնոլոգիական և փորձագիտական համագործակցության զարգացումը»,- նշված է հաղորդագրությունում։