Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել զբաղվածության ապահովման նոր ծրագիր:
Ծրագրի նպատակն է բարձրացնել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ, ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ, ինչպես նաև Ղարաբաղից տեղահանված անձանց զբաղվածության հնարավորությունները կրթական էլեկտրոնային վաուչերների տրամադրման միջոցով՝ նպաստելով նրանց մրցունակության, աշխատանքի տեղավորման և կայուն զբաղվածության ապահովմանը։
Նախագծով նախատեսվում է ծրագրի շահառուին տրամադրել վաուչեր՝ մինչև 250 000 դրամ արժողությամբ, որը կարող է իրացվել միայն մեկ անգամ, տրամադրվելուց հետո 6 ամսվա ընթացքում։ Ընդ որում, վաուչերի իրացումը հնարավոր կլինի միայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունների կողմից։
Ծրագրով աջակցություն կտրամադրվի նաև այն գործատուին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որը վաուչերի հիման վրա ուսուցում անցած և ավարտական վկայական ստացած անձի հետ վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանք կատարելու համար կկնքի նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 3 ամիս ժամկետով։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է գործատուին եռամսյակային կտրվածքով տրամադրել աշխատանքի տեղավորված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում՝
աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար 50 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը.
աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար 100 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև շահառուին տրամադրել միանվագ աջակցություն՝
շահառուի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվելու դեպքում՝ 100 000 դրամի չափով.
աշխատանքային հարաբերությունները 12 ամիս շարունակվելու դեպքում՝ ևս 200 000 դրամի չափով։
Ծրագիրը նախատեսվում է գործարկել 2027թ․ հունվարի 1-ից։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել՝ «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ: