Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը | 1lurer.am

Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Արմավիրի մարզում դադարեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազով աշխատող երկու լցակայանի և մեկ արտադրամասի գործունեությունը։ Օբյեկտները նաև կապարակնքվել են։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնից:

Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի Երևան-Արմավիր մայրուղի հասցեում՝ «Ն. Մուրադյան Ավագի» անհատ ձեռնարկատիրոջ, Երևանյան խճուղի 5/1 հասցեում՝ «Զենիթ Լցակայան» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայաններում, ինչպես նաև Լուկաշին գյուղի Թամանյան փողոց 1 հասցեում՝ «Ալվան» ՍՊԸ-ի կողմից շահագործվող արտադրամասում։

Հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում նշված օբյեկտներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտի նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ արձանագրված խախտումները անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ Տեսչական մարմնի ղեկավարը որոշումներ է կայացրել ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեներում շահագործվող երկու հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանների և արտադրամասի գործունեությունը՝ մինչև խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում երկու լցակայանները և արտադրամասը նաև կապարակնքվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն