Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը հյուրընկալվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում | shantnews.am

Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը հյուրընկալվել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Սոնա Ղազարյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել են Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունները պատմականորեն աչքի են ընկել բարիդրացիությամբ, իսկ վերջին տարիներին դրանք դինամիկ զարգացում են ապրում»,- ողջունելով Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է Հարություն Հարությունյանը։

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Լեհաստանը Հայաստանի համար ԵՄ կարևոր գործընկեր է և շնորհակալություն է հայտնել ներդրված այն ջանքերի համար, որոնք ուղղված են Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը։ Այս համատեքստում նա ողջունել է ԵՄ օրենսդրության մոտարկման գործընթացներին նվիրված դասընթացի անցկացումը խորհրդարանում։

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկը նշել է, որ ցանկանում են զարգացնել ոչ միայն Հայաստան-Լեհաստան հարաբերությունները, այլև կամուրջ հանդիասանալ Հայաստան-ԵՄ հարաբերություններում։

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման գործընթացում Լեհաստանի աջակցության կարևորությունը։ Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել քաղաքական երկխոսությունն ու ընդլայնել համատեղ ծրագրերի շրջանակը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սոնա Ղազարյանը կարևորել է Լեհաստանի փորձառությունը եվրոպական ինտեգրման ճանապարհին և բարձր գնահատել Լեհաստանի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին։

Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։ Կարևորվել են փոխադարձ այցերն ու խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն