Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել վերսկսել Եմենի շուրջ բանակցությունները | armenpress.am

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել վերսկսել Եմենի շուրջ բանակցությունները | armenpress.am

armenpress.am Թեհրանը կոչ է արել վերսկսել Եմենի շուրջ բանակցությունները՝ նշելով, որ առկա խնդիրները չեն կարող լուծվել շրջափակման միջոցով։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Եմենում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հայտարարության մեջ Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է իր աջակցությունն այդ երկրի անկախությանը, ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ կոչ անելով վերջ դնել Եմենի «ապօրինի և անմարդկային շրջափակմանը»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եմենում տիրող իրավիճակը պետք է դիտարկել ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող զարգացումների համատեքստում, և որ եմենցի ժողովուրդն արժանապատիվ ապրելու իրավունք ունի՝ առանց ճնշումների, ահաբեկման կամ շրջափակման։

Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ միջնորդական ջանքեր գործադրելու երկխոսությունը վերսկսելու և համաձայնեցված ճանապարհային քարտեզի դրույթներն իրականացնելու գործում։

Թեհրանի կոչը հնչել է Եմենում կառավարական զորքերի և հութի ապստամբների միջև բախումների ակտիվացման ֆոնին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն