Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN | 1lurer.am

Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN | 1lurer.am

1lurer.am Ըստ իսրայելական հանրային հեռարձակող KAN-ի՝ հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը։ Երեքշաբթի և չորեքշաբթի նախատեսված բանակցությունների նպատակն է «ձևավորել այն ուժը», որը  պետք է ստուգի՝ արդյոք «պիլոտային գոտիներն» ազատվել են «Հըզբոլլահի» ներկայությունից։

Հեռարձակողը չի ներկայացրել այն երկրներին, որոնք, հավանաբար, կմասնակցեն այդ ուժի կազմավորմանը, ինչպես նաև նոր կառույցի խնդիրներն ու աշխատանքային մեխանիզմը։ Նշվել է, որ ԱՄՆ-ն ձգտում է ընդլայնել այն տարածքների շրջանակը, որտեղից իսրայելական ուժերը պետք է դուրս բերվեն՝ վերահսկողությունը փոխանցելով լիբանանյան բանակին։

Լիբանանն առայժմ չի արձագանքել բանակցությունների նոր փուլի վերաբերյալ հաղորդմանը, բայց հայտարարել է, որ երկրի վրա իսրայելական հարձակումները շարունակվում են: Լիբանանյան բանակը հայտնել է, որ հունիսի 26-ին շրջանակային համաձայնագրի ստորագրումից ի վեր, որը նախատեսում է Իսրայելի աստիճանական հեռացումը բոլոր գրավյալ տարածքներից, արձանագրել է Իսրայելի կողմից 7700 խախտում: Բեյրութը նախազգուշացրել է, որ խախտումների շարունակումը վտանգում է պայմանավորվածություններն ու համաձայնեցված քայլերը։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ից ի վեր Լիբանանն ու Իսրայելն անցկացրել են ուղղակի բանակցությունների յոթ փուլ՝ հինգը Վաշինգտոնում, իսկ վերջին երկուսը՝ Հռոմում։ «Հըզբոլլահը», սակայն, բազմիցս մերժել է Իսրայել-Լիբանան բանակցությունները և կոչ է արել լիբանանյան կառավարությանը դադարեցնել դրանք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն