ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի արտահերթ նիստում հաստատել է իր աշխատակարգը, հանձնաժողովի անդամների կողմից 2026-2027 թվականներին քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը, ինչպես նաև ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում ընտրելու համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վաղինակ Վարդանովի թեկնածությունը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։
Ելույթ ունենալով՝ Վաղինակ Վարդանովը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ իր թեկնածությունն այդ պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար։ Նա ներկայացրել է հանձնաժողովում աշխատելու իր տեսլականն ու նպատակները։
Քվեարկության արդյունքում Վաղինակ Վարդանովն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Հանձնաժողովը քննարկել է նաև ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ պայմանագրով նախատեսվում է վերահսկելի օբյեկտների, ինչպիսիք են՝ թմրանյութեր, զենք, մշակութային, պատմական, արվեստի արժեքներ և այլն, պետական սահմանով ապօրինի փոխադրման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից համագործակցության առկա իրավական մեխանիզմների կատարելագործում։
Նախագիծը վերջնական քննարկվել և լրամշակվել է 2024 թվականի մայիսի 23-ին։
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: