1lurer.am Հայկ Սարգսյանի հայտարարության առիթով քրեական գործ է հարուցված: Լավ կլինի՝ մեր իրավապահ համակարգում նման կուլտուրա լինի, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, նա, ով մեղավոր է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցազրույցին, որի շրջանակում վերջինս ասել է, որ երբ կուսակցական է եղել, հանդես է եկել ինքնաքննադատությամբ, և որ կուսակցության աղջիկները իրեն զգուշացրել են՝ եթե շարունակի հանդես գալ ինքնաքննադատությամբ, դա կլինի Հայկ Սարգսյանի վերջին ելույթը:
Ըստ Հայկ Սարգսյանի՝ նա նաև մի շարք խնդիրներ է բարձրաձայնել, մինչդեռ կուսակցության անդամները պատրաստ չեն քննադատություն լսելու:
Փաշինյանը նախ հիշեցրեց, որ Հայկ Սարգսյանին ճանաչում է երեխա ժամանակից, բայց նաև կարծիք հայտնեց, թե Հայկ Սարգսյանի դիրքավորումը քաղաքականության մեջ ամենաանազնիվ դրսևորումներից է:
««Քաղաքացիական պայմանագրում» նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, և դրանք արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են հաստատված: Քրեական գործեր կան հարուցված:
Լարվել է այն բանից, որ երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է՝ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեության մեջ:
Լարվել է այն պատճառով, որ պարզվել է՝ ապօրինի պետհամարանիշներով ՀՀ-ում շրջել է որպես արտոնյալ, օգնականը, վարորդական իրավունք չունենալով, շրջել է, և երբ ոստիկանությունը տասնյակ անգամներով դա արձանագրել է, այդ թվում՝ իմ անունի շահարկմամբ, այդ փաստերը չեն արձանագրվել: Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործեր են հարուցվում, մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ:
Կազինոների հետ կապված օրակարգն իմ օրակարգն է, ես եմ այդ օրակարգը բերել ՀՀ, և 2018-ից մինչև այսօր մենք հետևողական քայլեր ենք իրականացնում, և 2027-ի հունվարի 1-ից գործելու է օպերատոր, որը մեր բոլոր խնդիրները պետք է լուծի:
Հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ մի կողմից օրենսդրական նախագծեր են քննարկվել, մյուս կողմից զանգել են այդ ոլորտի մարդկանց, ասել են՝ եկեք բանակցենք, տեսնենք՝ ինչ ենք անում:
Լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը:
Կարծում եմ՝ այդ հայտարարությունների արդյունքում մարդ պետք է հայտնվի բանտում: Ո՞վ՝ ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում»,- ասաց նա՝ նշելով, որ ապօրինի գործունեության մասին հայտարարություններ անողն ինքն է Սևանի ափին ապօրինի գործունեություն ծավալել՝ Փաշինյանի անունը շահարկելով:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը վերջերս ծավալուն հարցազրույց էր տվել՝ անդրադառնալով նաև ՔՊ-ին, նա մասնավորապես նշել էր․
«Մենք կուսակցությունում ունենում էինք ինքննադատության օրեր, և մի օր ես գրանցվում եմ, որ լինեմ զեկուցողը, և ինձ ասեցին, եթե հանդես գաս ինքնաքննադատությամբ, սա լինելու է կուսակցությունում քո վերջին օրը։
Բարձրաձայնել էի հինգ խնդիր, բայց հիմնականում շեշտը դրվեց Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների վրա։ Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի քավորն է և այն ժամանաակվա Շրջակա միջավայրի նախարարը՝ սանիկը, և բավականին բարդ էր այդ խնդրի մասին խոսել կուսակցության ներսում։ Իմ ինքննադատության ելույթը սկիզբը եղավ շատ կուսակցականների հետ հարաբերությունների փչացման, մինչ այդ շատ լավ, ընկերական հարաբերություններ ունեինք։
Պատասխանելով հարցին, թե ե՞րբ են սկսել վատանալ իր հարաբերությունները նախկին գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ, Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ սկսել է 2019 թվականին, երբ այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարան է բերել «Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի նախագիծը, որի համաձայն` Հայաստանի բոլոր բուքմեյքերական գրասենյակները պետք է փակվեին։
«Ինձ համար շատ զարմանալի էր, թե ինչո՞ւ հենց Ալեն Սիմոնյանը բերեց էդ նախագիծը՝ հաշվի առնելով իր ընկերական հարաբերություններ Վիգեն Բադալյանի հետ։ Էդ ժամանակ մյուս ընկերություններից ինձ տեղեկություններ էին հասնում այն մասին, որ էս նախագիծը ուղղորդված է «Վիվառոյից», որպեսզի բոլոր գրասենյակները փակվեն, ու մարդիկ «գնան» օնլայն հարթակ, որտեղ էլ առաջատարը «Վիվառոն» է»,– ասել է Հայկ Սարգսյանը։
Նախկին պատգամավորը հարցազրույցում ասել է, որ ինքն այդ ժամանակ հարցումներ է արել ու պարզել, որ խաղադրույք կատարողների միայն 14 տոկոսն է գրասենյակներից օգտվում, ինչից հետո դիմել է Սիմոնյանին` ասելով, եթե խաղամոլության դեմ ենք պայքարում, պետք է նաև օնլայն հարթակները սահմանափակենք։ Նա զգուշացրել է Սիմոնյանին, որ այսպիսով խաղադրույքների քանակը միայն կավելանա, քանի որ օնլայն հարթակում ամեն ինչ ավելի դյուրին է։
«Իրեն ասում էի` ես գիտեմ` դու ինչ ես անում, ասում էի՝ մի արա, կա՛մ պետք է ընդհանուր փակենք, կա՛մ չփակենք։ Ու էդ ժամանակ ինքն ինձ իր մոտ հրավիրեց մի օր ու ասաց` ես վարչապետին ասել եմ, որ դու դեմ ես էս օրենքին, վարչապետն էլ ասել է` Հայկին ասա, թող չխանգարի, իրա գործը չի, սենց` մի քիչ ավելի կոպիտ։ Ու մեր կոնֆլիկտն էդպես եղավ, ինքը հաղթեց։ Օրենքի նախագիծն ընդունվեց, ու գրասենյակները փակվեցին»,– պատմել է պատգամավորը։