Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանի գլխավորությամբ հանդիպում է կայացել Համաշխարհային բանկի գործընկերների և միջազգային փորձագետների հետ՝ Հայաստանում կանաչ ֆինանսավորման և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նորարարական ֆինանսական գործիքների զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում կանաչ ֆինանսավորման և կանաչ պարտատոմսերի զարգացման վերաբերյալ նախնական գնահատականներն ու առաջարկությունները, ինչպես նաև քննարկվել է շուկայի պատրաստվածության մակարդակը։
Քննարկվել են բնության պահպանությանն ուղղված ֆինանսական գործիքների հնարավոր մոդելները՝ ներառյալ առանձին տեսակների, էկոհամակարգերի վերականգնման, արոտավայրերի և խոտհարքների պահպանության, ագրոանտառաբուծության, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանվող տարածքների զարգացման ուղղությունները։
Կողմերը կարևորել են նաև ֆինանսավորվող բնապահպանական ծրագրերի մոնիտորինգի, հաշվետվողականության և ստուգման (MRV) արդյունավետ համակարգերի ձևավորումը և միջազգային ֆինանսական կառույցների ու հիմնադրամների հնարավոր ներգրավումը։
Կողմերը քննարկել են նաև COP17-ի շրջանակում կենսաբազմազանության ֆինանսավորման օրակարգն առաջ մղելու և միջազգային գործընկերության հնարավորությունները։ Նշվել է, որ Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կարևոր հարթակ է բնության պահպանությանն ուղղված ֆինանսական նոր մեխանիզմների և ներդրումային հնարավորությունների ներկայացման ու քննարկման համար։
Հանդիպման ընթացքում կարևորվել է Համաշխարհային բանկի և այլ միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակական զարգացումը՝ Հայաստանում բնության ֆինանսավորման համապարփակ շրջանակի ձևավորման, պետական և մասնավոր ֆինանսական ռեսուրսների ներգրավման և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ներդրումների խթանման նպատակով։