Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին մեղադրել է փաստաթղթեր կեղծելու մեջ | azatutyun.am

Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին մեղադրել է փաստաթղթեր կեղծելու մեջ | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) տնօրեն Սեմյոն Կրիվոնոսին մեղադրել է փաստաթղթեր կեղծելու մեջ: Կրավչենկոն, որն այս պահին Ուկրաինայում չէ, մեղադրանքների մասին հայտարարել է իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը։

Կրավչենկոն սեպտեմբերի 8-ին էր հրաժարական ներկայացրել, երբ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO) «Կարթագեն» անունն ստացած համատեղ գործողության արդյունքում կալանավորեցին Գլխավոր դատախազության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Սերգեյ Կրոպիվային, և դատախազության մեկ այլ աշխատակից Ելիզավետա Իվախնենկոյին:

Բյուրոն հայտարարեց, որ բացահայտել է հանցավոր կազմակերպություն, որի անդամները «ստացել են ապօրինի օգուտ խարդախությամբ զբաղվող զանգերի կենտրոններից և միլիոնավոր դոլարների հարստություն լվացել»: Ըստ իրավապահների՝ հենց Սերգեյ Կրոպիվան է եղել կազմակերպիչը:

Ուկրաինայի գլխավոր դատախազը պնդում է, որ «Կարթագեն» գործողության նպատակն էր ձեռք բերել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության ղեկավարների և աշխատակիցների վերաբերյալ նյութեր, որոնցից մի քանիսը, ի վերջո, «գողացվել են»։

«Իհարկե, հավաքված ապացույցների հիման վրա ես ստորագրել եմ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տնօրեն Սեմյոն Կրիվոնոսի դեմ կասկածի մասին ծանուցում։ Ես կասկածում եմ նրան անօրինական օգուտներ ստանալու համար պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և ֆիկտիվ որդեգրում կատարելու մեջ», – Կրավչենկոյի խոսքերն է մեջբերում Hromadske լրատվականը։

Երկրորդ կասկածը, ըստ նրա, վերաբերում է Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոյի մտերիմ անձին։ Նա պնդել է, որ այս կառույցի ղեկավարը նշված անձի ազդեցության տակ է, «նրան անհիմն արտոնություններ է առաջարկել և օգնել է խուսափել զորակոչից»։ Կրավչենկոն պնդում է, որ ինքը որևէ գործողություն չի ձեռնարկել, քանի որ իրեն «զսպել» են նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև այս երկու կառույցները, որոնք նրան առաջարկել են «անձեռնմխելիություն՝ կասկածից հրաժարվելու դիմաց»։

Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը հայտարարել են, որ «այս գործողությունները դիտարկում են որպես անկախ հակակոռուպցիոն մարմինների վրա համակարգային հարձակման շարունակություն»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն