Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք Լճաշեն գյուղի տարածքում իրականացնում են ապօրինի հանքարդյունահանում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ տևական ժամանակ, առանց հատուկ թույլտվության, համայնքապետարանից վարձակալած հողատարածքում իրականացվել է ձեռնարկատիրական գործունեություն՝ արդյունահանած զանգվածը հատուկ սարքերով տեսակավորել և օգտագործել են իրենց ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, երեք անձ ձերբակալվել է։
Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը և շրջակա միջավայրին պատճառվել է խոշոր չափերի վնաս։
Նախաքննությունը շարունակվում է։