azatutyun.am Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտնել է, որ Բալթիկ ծովի ափին՝ Յարոսլավեց քաղաքի մոտ գտնվող Ռուսինովո գյուղի լողափում, անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նախնական զննումը ցույց է տալիս, որ դա ռուսական ծագում ունի։
Լեհաստանի իշխանությունները ավելի վաղ «էսկալացիա» են անվանել Ռուսաստանի գիշերային հարվածները Ուկրաինայի արևմտյան շրջաններին՝ Լեհաստանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ռուսական հարվածների ակտիվացումը մտահոգիչ է։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ զգուշացրել է, որ առաջիկա շաբաթներին Ռուսաստանի գործողությունները կարող են ավելի ինտենսիվ դառնալ և չի բացառել, որ լարվածությունը կարող է անդրադառնալ նաև Լեհաստանի տարածքի վրա։