Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Այս մասին տեղեկանում ենք Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնական էջից։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանում ռուս ուղղափառ հավատացյալների համայնքային կյանքի կազմակերպմանն ու նրանց հոգևոր-հովվական խնամքին առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը։
Երկուստեք կարևորվեց միջեկեղեցական կապերի և հովվական ոլորտում գործակցության շարունակական զարգացումը՝ ի նպաստ երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման և ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին»,- նշված է հաղորդագրությունում։