Պակիստանի ԱԳ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները | armenpress.am

Պակիստանի ԱԳ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային զարգացումները | armenpress.am

armenpress.am Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարը հեռախոսազրույց է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Կողմերը քննարկել են «տարածաշրջանային զարգացող իրավիճակը»։ Այս մասին X-ում հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նրանք քննարկել են տարածաշրջանում զարգացող իրավիճակը և համաձայնության եկել, որ լարվածությունը թուլացնելու լավագույն ուղին Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացումն է։ Դեսպան Գրոսին առաջարկել է տեխնիկական աջակցություն, եթե անհրաժեշտություն լինի», – նշվում է գրառման մեջ։

Պակիստանի փոխվարչապետը վերահաստատել է իր երկրի անսասան հանձնառությունը՝ խթանելու ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև հարգելու միջազգային իրավունքն ու պայմանագրերը։

Նա նաև ընդգծել է ՄԱԿ-ի համակարգի վճռորոշ նշանակությունը խաղաղության և զարգացման գլոբալ օրակարգի իրականացման գործում և հաջողություն մաղթել ԱԷՄԳ ղեկավար Գրոսիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մղվող պայքարում։

Հունիսի 18-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ պետք է մեկնարկեր Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության բանակցությունների 60-օրյա ժամկետը։ Փաստաթուղթը ներառում էր դրույթներ Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ, որը դարձել է պատերազմի հիմնական թեժ կետը։

Սակայն հուշագրի պայմաները խախտվել են նոր փոխադարձ հարվածների պատճառով, իսկ համաձայնագրի 60-օրյա ժամկետը լրացել է՝ առանց հետագա առաջընթացի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն