«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երկու ծրագիր՝ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքային փնջերի, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Փամբակ համայնքային փնջերի միավորում, ինչպես նաև այս համայնքներում ընտրությունները անցկացնել 2027 թվականին՝ մարզպետների կողմից նշանակված օրերին: «Անկախ դիտորդ» դաշինքը անդրադարձել է նախագծին։
«Համայնքների միավորման գործընթացը և ՏԻՄ օրենքում կատարվող փոփոխությունները պետք է բխեն համայնքների շահերից ու համապատասխանեն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային, որով սահմանվում է, որ համայնքների սահմանների փոփոխության դեպքում անհրաժեշտ է լսել տվյալ համայնքների կարծիքը, հնարավորության դեպքում նաև հանրաքվեի միջոցով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ իրականացվել են վերլուծություններ համայնքային փնջերի առաջնահերթությունների վերաբերյալ, մինչդեռ, օրինակ, Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման հարցով հանրային քննարկում իրականացվել է միայն Վանաձորում, այն էլ՝ երբ արդեն նախագիծն ամբողջովին պատրաստ էր։ Հանրային քննարկումներ անհրաժեշտ է իրականացնել միավորվող համայնքների բոլոր բնակավայրերում կամ առնվազն՝ խոշոր բնակավայրերում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված չէ, թե ինչու է անհրաժեշտ հենց այդ համայնքների միավորումը և ինչ օգուտներ է այդ միավորումը տալու հենց այս դեպքում բնակիչներին ու միավորվող համայնքներին։
Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում համայնքի ավագանու անդամների քանակը չի փոխվելու՝ չնայած բնակչության թվի կտրուկ մեծացմանը, ինչը հանգեցնելու է ներկայացուցչության նվազման։
Ընտրությունների նշանակումը կարգավորող նախագիծը նախատեսում է, որ մինչև առաջին նիստի գումարման պահը, որով հաշվարկվում է համայնքի նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետի սկիզբը, նախորդ գումարման տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները շարունակում են պահպանվել։
Օրենսդրական փոփոխության հիմնավորման մեջ նշված է, որ Վանաձոր համայնքում համայնքի ավագանին իր լիազորությունները ստանձնել է 14․12․2022 թվականին։
«Անկախ դիտորդ» դաշինքն իր անհամաձայնությունն է հայտնում նախագծի հիմնավորման մեջ նշված այն տեղեկության հետ, որ Վանաձոր համայնքի ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին։
Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դատական գործով ՀՀ Վարչական դատարանի վճիռը հրապարակվել է 2021 թվականի դեկտեմբերի 21-ին։ Այն վերջնական էր և, անկախ հետագայում դրա վերաբերյալ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու հանգամանքից, հենց այդ օրվանից պետք է ավագանին համարվի ձևավորված։
Հետևաբար, Վանաձոր համայնքի ավագանին ձևավորված է եղել արդեն 2021 թվականի դեկտեմբերի 21-ին, և հիմնավորման մեջ որպես ավագանու լիազորությունների ստանձնման օր 2022 թվականի դեկտեմբերի 14-ը նշելը չի համապատասխանում փաստացի և իրավական իրավիճակին։
2016 թվականին ընտրված Վանաձորի ավագանու լիազորությունները դադարել են մինչ այդ՝ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ։ Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Վանաձոր համայնքի ավագանու ընտրված անդամներին գրանցել է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։
Ավելին, ավագանու կողմից իր լիազորությունների իրականացումը հետաձգվել է նաև այն հանգամանքով, որ մեկ այլ դատական ակտով ավագանուն արգելվել էր համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ հրավիրել։ Սակայն այդ հանգամանքը ինքնին չի կարող նշանակել, որ ավագանին որպես տեղական ինքնակառավարման մարմին ձևավորված չի եղել։
Նախագծի տրամաբանության մեջ առավել խնդրահարույց է այն մոտեցումը, որ հերթական ընտրությունների նշանակման ժամկետը պետք է հաշվարկվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների փաստացի իրականացումը սկսելու օրվանից։
Այս մոտեցումը Վանաձոր համայնքի դեպքում կարող է հանգեցնել անհեթեթ իրավական հետևանքի։ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմում ոչ միայն համայնքի ավագանին է, այլև համայնքի ղեկավարը։ Իսկ Վանաձոր համայնքի ավագանին մինչ օրս համայնքի ղեկավար չի ընտրել, և համայնքի ղեկավարը, հետևաբար, իր լիազորությունները չի ստանձնել։
Այս տրամաբանությամբ ստացվում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններով Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացը մինչ օրս ավարտված չէ։
Ներկայացված հիմնավորումների հիման վրա Վանաձոր համայնքի ընտրությունների հետաձգումը 2027 թվական, չունի ոչ մի իրավական հիմնավորում։
«Անկախ դիտորդ» դաշինքը իր խորին մտահոգությունն է հայտնում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարման տարիներ շարունակ գոյություն ունեցող իրավական անորոշությունը մեկ այլ իրավական անհիմն ճանապարհով հաղթահարելու գործելակերպի վերաբերյալ, որն իրավական անհիմն օրենսդրական փոփոխություններով տեղական ինքնակառավարման՝ ուղղակի ժողովրդավարության ինստիտուցիոնալ և բովանդակային խեղաթյուրում է»,- նշված է հայտարարության մեջԼ