armenpress.am Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում որոշել է 0.25 տոկոսային կետով բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75%։ Այս մասին ասուլիսում հիշեցրեց կարգավորող կառույցի ղեկավար Մարտին Գալստյանը։
Այս կապակցությամբ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը Հայաստանում շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 4.4, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 4.8%:
«Տարածաշրջանային հակամարտությունների տևականության և դրանց շրջանակի որոշակի ընդլայնման պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկի հետագա թուլացման և, միաժամանակ, գնաճային ճնշումների ավելացման ռիսկերն աստիճանաբար դառնում են ավելի առարկայական։ ԱՄՆ-ում բարձր ներդրումային ակտիվությունը և հարկաբյուջետային կայունության շուրջ աճող մտահոգությունները ձևավորել են երկարաժամկետ չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի ուղղությամբ ռիսկեր՝ զարգացող երկրներում չեզոք տոկոսադրույքների և կապիտալի հոսքերի վրա համապատասխան ազդեցություններով։
Եվրագոտում և Ռուսաստանում, չնայած երկրորդ եռամսյակում տնտեսական աճի թույլ վերականգնմանը, կառուցվածքային խնդիրները խորանում են՝ հանգեցնելով նաև միջնաժամկետ աճի հեռանկարի վատթարացմանը: Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում էներգակիրների գները շարունակել են ձևավորվել բարձր մակարդակներում, իսկ կուտակված պաշարների աստիճանական նվազումը մեծացնում է շուկայի խոցելիությունն առաջարկի հնարավոր նոր ցնցումների նկատմամբ։ Այս համատեքստում առավել առարկայական են դարձել առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության տոկոսադրույքների հետագա բարձրացման և բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը»,- ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Մարտին Գալստյանը:
Ըստ նրա՝ այս տարվա երկրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում արագացել է՝ ձևավորվելով երկարաժամկետ կայուն մակարդակից բարձր:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում