Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել | 1lurer.am

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում Ա․Ս․-ն պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել կնոջը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քննությամբ պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլի 24-ին՝ հերթական վիճաբանության ժամանակ, ընթացող մեքենայից հրելու միջոցով դուրս է գցել կնոջը՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Վերը նշված արարքները կատարվել են վերջիններիս 4-ամյա դստեր ներկայությամբ, որի հետևանքով երեխային պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ՝ Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (4 դրվագ), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (4 դրվագ) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն