azatutyun.am «Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի որպես «Միջին միջանցքի» նոր երթուղի», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թուրքիայի իր գործընկերոջ Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում՝ Հայաստանի սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով, իսկ երկաթուղային նախագծինը՝ 75 տոկոսով։ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ երկու նախագծերի ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Նախիջևանում էլ սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։
«Թուրքիա-Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա Զանգեզուրի միջանցքի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը իրականացվելու է Ադրբեջանից։ Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ ֆիզիկական աշխատանքները կսկսվեն 2027 թվականին։ Այս նախագծի ավարտը կարևոր նշանակություն ունի։ Պայմաններ կստեղծվեն Եվրոպայից Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով հաղորդակցություն ապահովելու համար», – նշել է Ջեյհուն Բայրամովը։