armenpress.am Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ նրանց բողոք հայտնելու վիճելի Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների մերձակայքում նավթի հանքավայրերի պլանավորվող շահագործման առնչությամբ՝ առանց Բուենոս Այրեսի թույլտվության։ Այս մասին հայտնել է Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Իսրայելի Պետության դեսպաններին՝ բողոքի պաշտոնական նոտաներ անձամբ հանձնելու համար։ Այդ հանդիպումներում դատապարտվել են Sea Lion նախագծի իրականացման ծրագիրն ու դրա հետ կապված բոլոր գործողությունները», – ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նաև դատապարտել է վիճելի տարածքում բիզնես վարելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից հանձնարարականների հրապարակումը։
«Դրանց միջոցով Միացյալ Թագավորությունը մտադրվում է առաջ տանել անօրինական առևտրային գործունեությունը և ածխաջրածինների արդյունահանումը Մալվինյան կղզիներում, Հարավային Ջորջիայում և Հարավային Սանդվիչյան կղզիներում, ինչպես նաև դրանց հարակից ծովային տարածքներում», – ասված է տեքստում։
Արգենտինայի իշխանությունների կարծիքով՝ իր գործողություներով Մեծ Բրիտանիան «բացահայտորեն խախտում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 31/49 բանաձևը, որն Արգենտինայի Հանրապետությանը և Միացյալ Թագավորությանը կոչ է անում ձեռնպահ մնալ միակողմանի գործողություններից, որոնք ազդում են կղզիների շուրջ ստեղծված իրադրության վրա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնիշխանության շուրջ վեճի խաղաղ կարգավորման գործընթացը մնում է չավարտված»։
Սեպտեմբերի 3-ին Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն ազգին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ խորհրդարան կներկայացնի օրինագիծ՝ Մալվինյան կղզիների մերձակայքում նավթ արդյունահանող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ։ Դրա առիթ էր ծառայել Մեծ Բրիտանիայի Rockhopper Exploration և Իսրայելի Navitas Petroleum ընկերությունների կողմից նավթի հանքավայրերի շահագործման նախագծի մոտալուտ գործարկումը:
Ավելի ուշ Արգենտինայի կառավարությունը հայտնել է 60 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին, որոնք մասնակից են վիճելի տարածքում ածխաջրածինների արդյունահանմանը, ինչպես նաև դատարան դիմելու որոշման մասին:
Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմից ավելի քան 40 տարի անց Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմուտքում գտնվող կղզեխմբի ինքնիշխանությունը շարունակում է վիճարկվել Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի կողմից։ 2013 թվականի հանրաքվեում կղզիների բնակիչները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են բրիտանական անդրծովյան տարածք մնալու օգտին. բնակիչների 99,8%-ը կողմ է քվեարկել, ընդամենը երեքը՝ դեմ։