Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 14-ից աշխատանքային այցով Չինաստանում է։ Պեկինում նա հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ։
Հայաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ նախարարները քննարկել են պաշտպանական համագործակցությունն ու դրա զարգացման հեռանկարները, անդրադարձել նաև նոր ուղղություններով և երկարաժամկետ ծրագրերով համագործակցելու հնարավորություններին։ Թե այցի ընթացքում ռազմական համագործակցության վերաբերյալ կոնկրետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են, ՊՆ-ն չի մանրամասնում։
Պապիկյանը Պեկինում նաև մասնակցել է Սյանշանի անվտանգության 13-րդ համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Հայաստան-Չինաստան ռազմական համագործակցության մասին պաշտոնական Երևանը մինչ այժմ շատ մանրամասներ չի հրապարակել։ Սակայն այս տարվա մայիսին, Հանրապետության հրապարակում անցկացված ռազմական շքերթի ժամանակ, առաջին անգամ հանրությանը ներկայացվեց նաև չինական արտադրության սպառազինություն։ Rainbow անօդաչու թռչող սարքերը հայկական բանակում ներկայացվեցին «Աղեղ» անվամբ։