armenpress.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին, և թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է զերծ մնան նման խոսույթից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Լրագրողը, հիշեցնելով Գանձասարում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի ընթացքում Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները և Իլհամ Ալիևի՝ մզկիթների ոչնչացման վերաբերյալ վերջին պնդումները, հետաքրքրվել է՝ արդյոք նման հայտարարությունները չեն վնասում խաղաղության գործընթացին։
«Բնականաբար, սա չի աջակցում խաղաղության օրակարգին։ Եվ լավ կլինի, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը զերծ մնան նման խոսույթներից»,- ասել է Հակոբյանը։
Նա անդրադարձել է նաև Գանձասարում Մատենադարանի նախկին մասնաճյուղում ցուցադրված ձեռագրերի կրկնօրինակների շուրջ առաջացած քննարկմանը։
«Գանձասարի հետ կապված՝ Երևանի Մատենադարանը հանդես եկավ հայտարարությամբ։ Ես ամբողջությամբ երկրորդում եմ Մատենադարանի տարածած հայտարարությունը, որը փաստահեն է»,- նշել է պատգամավորը։
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
«Մենք չենք ասել, որ հեշտ է լինելու այդ խաղաղությանը հասնելը։ Եթե այդքան հեշտ լիներ, ապա անհրաժեշտություն չէր լինի փաստաթղթեր ունենալ, երկար բանակցել, այսքան ձեր քննադատությանը արժանանալ և այլն։ Սա հեշտ ճանապարհ չէ»,- ասել է նա։
Պատգամավորը հիշեցրել է, որ շուրջ երկու տարի առաջ քննարկումների կենտրոնում սահմանին հնչող կրակոցներն էին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում