arm.sputniknews.ru ՀՀ տարածքից Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան հանելը երկրի համար նոր արկածախնդրություն է: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
«Մենք գտնում ենք, որ այդ ռազմաբազան Հայաստանում ունի առաքելություն: Հայաստանին անպաշտպան թողնել Թուրքիայի և Ադրբեջանի երախում այս աշխարհաքաղաքական իրավիճակում՝ արկածախնդրություն է Հայաստանի Հանրապետության համար: Դա նոր անվտանգային սպառնալիքներ կբերի մեր երկրի համար, և չպետք է այդ ուղղությամբ ու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի ճանապարհով գնալ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը: