Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝
Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
Սախարովի հրապարակից,
Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,-նշված է հաղորդագրությունում։