Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում | 1lurer.am

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

ՆԳՆ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Հերթական դեպքերը գրանցվել են Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տիպի ինքնաձիգ, երկփողանի որսորդական ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահունակ, 5 նռնակ՝ պայթուցիչներով։

Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է կամավոր հանձնել նաև Եղեգնաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը։ Նա մարզային վարչություն է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։

ՆԳՆ Ոստիկանությունը հավաստիացնում է, որ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ: Միաժամանակ հորդորում է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր»,- նշվում է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն