azatutyun.am Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հուլիսին երկու երկրների արտգործնախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ լիարժեք մշակութային երկխոսության վերականգնումն ու հումանիտար խնդիրների լուծումը։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին ամիսներին վերստին լարված էին։ Բաքուն մի քանի անգամ բողոք է հայտնել Մոսկվային, այդ թվում՝ Ուկրաինայում ադրբեջանական SOCAR-ի օբյեկտներին հասցված հարվածների և ռուսական մեդիայում Ադրբեջանի ղեկավարության հասցեին հնչած հայտարարությունների պատճառով։
Հուլիսին երկու երկրների արտգործնախարարները Մոսկվայում քննարկել էին հարաբերություններում կուտակված խնդիրներն ու շփումների վերականգնումը և հայտարարել՝ դիվանագիտական ճգնաժամն անցյալում է: