ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հանդիպել են նախագահ Դոնալդ Թրամփին և աղոթք հնչեցրել Հայաստանի ու Միացյալ Նահանգների, ինչպես նաև խաղաղության համար, հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։
Հանդիպումը կազմակերպվել է Հայաստանի դեսպանության և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի նախաձեռնությամբ։ Դրան մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներ, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։
Ըստ դեսպանության՝ հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, կրոնական ազատությունները, երկու ժողովուրդների միջև կապերն ու խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։
Հայ հոգևորականները հավաքական աղոթք են հնչեցրել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության ու երկու երկրների բարեկամության համար։ Աղոթքում նրանք անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ ընդգծելով դրանում Թրամփի ներդրումը, հայտնում է դեսպանությունը։