civilnet.am Կառավարության այսօրվա նիստի օրակագրում ֆինանսների նախարարությունը ներկայել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով ֆիզիկական անձինք կարող են հնարավորություն ստանալ իրենց հաշվարկված կամ վճարած եկամտային հարկի մի մասն ուղղել լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին։
Նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողով։ Այն ընդունվելու դեպքում կգործի 2026-ի և հաջորդ հարկային տարիների եկամտային հարկի մասով։
Ֆինանսների նախարարության առաջարկով՝ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ուղղվող գումարները կդիտարկվեն որպես սոցիալական ծախսերի նոր տեսակ։ Նույն կարգավիճակը նախատեսվում է նաև հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին հատկացվող միջոցների համար։
Խոսքը սովորական նվիրատվության և դրա հետագա հարկային վերադարձի մասին չէ։ Նախագիծը նախատեսում է, որ քաղաքացին տարեկան եկամտային հարկի հայտարարագիրը ներկայացնելիս կարող է իր հաշվարկված կամ վճարված եկամտային հարկից անհատույց հատկացում անել համապատասխան կազմակերպությանը։
Հարկային օրենսգրքի գործող կարգավորումը սոցիալական ծախսերի շրջանակում նախատեսում է առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության նպատակով կատարված ծախսերի փոխհատուցում։ Նոր նախագծով առաջարկվում է «փոխհատուցում (վերադարձ)» ձևակերպմանը ավելացնել նաև «հատկացում» հասկացությունը։
Թե եկամտային հարկի որքան մասն է քաղաքացին կարողանալու ուղղել լրատվամիջոցներին, օրենքի նախագծում նշված չէ։ Նախագծով այդ առավելագույն չափը պետք է սահմանի կառավարությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում