Դուբայում անցկացված «Euronews Forum»-ի պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության հաստատումը «դժվարին ճանապարհ է», սակայն «Ադրբեջանը պարտավորվում է պահպանել իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը՝ այն համարելով երկրի պատմության մաս»։
Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայաստանում և հայկական սփյուռքում «ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են» և փորձում են խաթարել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը։
Չորեքշաբթի օրը Դուբայում՝ Արաբական մեդիա գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկման ժամանակ, Հիքմեթ Հաջիևը, որը նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավարն է, «Euronews»-ին ասել է, թե Հայաստանի կառավարությունն ու ղեկավարությունը ևս պետք է աշխատեն իրենց ժողովրդին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։
«Այժմ մենք հաղթել ենք պատերազմում, բայց մենք նաև հաղթում ենք խաղաղության մեջ, ինչը դժվարին ճանապարհ է»,- ասել է Հաջիևը։
Նա պնդել է, թե Արցախում հայկական կողմը «մզկիթներ և իսլամական մշակութային ժառանգություն է ոչնչացրել»:
Հաջիևը ընդգծել է, որ թե Ադրբեջանում «երեք կրոն՝ իսլամը, քրիստոնեությունը և հուդայականությունը, մզկիթներով, եկեղեցիներով և սինագոգներով, գոյակցում են կողք կողքի»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանձնառու է «պահպանել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը՝ անկախ դրա պատկանելությունից». «Դա մեր մշակութային ժառանգությունն է։ Եվ վերջակետ»:
Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը քրիստոնեության վաղ տարածման վայրերից է, և որ «քրիստոնեությունը դեռևս չորրորդ դարում ընդունվել է Կովկասյան Աղվանքի թագավորության կողմից որպես պաշտոնական կրոն»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նաև «իսլամն ընդունած առաջին երկրներից է»։