armenpress.am Սաուդյան Արաբիան վերջին 24 ժամվա ընթացքում 40 հարված է հասցրել Եմենի արևմտյան մասի շրջաններին, որտեղ հութիների ուժերն ավելի վաղ կառավարական զորքերի դեմ գործողության ընթացքում իրենց վերահսկողության տակ էին վերցրել երկրի՝ Կարմիր ծովին հարող ողջ ափը: Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում «Խամիս Մուշեյթ» ավիաբազայից օդ բարձրացած սաուդյան F-15 կործանիչները 40 ավիահարված են հասցրել Թայիզ, Մարիբ և Հոդեյդա նահանգներին», – հայտնել է հութիների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին։
Անցյալ շաբաթ հութիների ուժերը կառավարական զորքերից հետ են գրավել Եմենի՝ Կարմիր ծովին հարող ողջ ափը, այդ թվում՝ Մոհա և Դհուբաբ նավահանգստային քաղաքները, Մուրադ բնակավայրը, ինչպես նաև Բաբ էլ Մանդեբի նեղուցի կենտրոնում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Պերիմ կղզին, ինչը նրանց թույլ կտա վերահսկել միջազգային նավագնացությունը տարածաշրջանում։