civilnet.am Կառավարությունը սեպտեմբերի 17-ին հավանություն տվեց պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի փոփոխություններին։ Նախագծով առաջարկվում է վերանայել հիմնական աշխատավարձերի հաշվարկման գործակիցները և ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ։ Այս փաթեթը ուղարկվեց Ազգային ժողովի հաստատմանը։
Փոփոխությունները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027-ի հունվարի 1-ից։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ 2027-ի համար պետական բյուջեից կպահանջվի շուրջ 30 մլրդ դրամ լրացուցիչ միջոց։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ՝ նոր համակարգում վարձատրությունը ավելի մեծ չափով կապվելու է աշխատողի կատարողականի հետ։ Նրա խոսքով՝ նախարարություններում մասնագիտական պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձը ներկայում 250-350 հազար դրամի միջակայքում է։
«Այս փոփոխության արդյունքում, եթե գրանցվեն 80 և ավելի բարձր տոկոս կատարողական արդյունքներ, այսինքն՝ լավ և ավելի լավ, այդ մարդկանց աշխատավարձը կգտնվի 450-500 հազար դրամի միջակայքում։ Բաժնի պետերը, որոնք գործող համակարգում վճարվում էին ամսական մինչև 400 հազար դրամ, կարող են այս կարգավորումների արդյունքում իրենց լրավճարների հետ միասին ստանալ մինչև 740 հազար դրամ։ Վարչության պետի պաշտոն զբաղեցնող անձինք կարող են այսօրվա եղած համակարգում, միջինը, նորից ուզում եմ ասել, որովհետև այնտեղ նույնպես առանձնահատկություններ կան, 520-550 հազար դրամի դիմաց վարձատրություն ստանալ մինչև 800-900 հազար դրամ»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս անձանց կյանքում վարձատրության փոփոխությունները կարող են տատանվել 60-80 տոկոսի սահմաններում։
Ըստ նախագծի՝ կատարողականի գնահատման համար նախատեսվում են քանակապես չափելի և ստուգելի ցուցիչներ, իսկ մարմինների համար՝ ռազմավարական նպատակներ և թիրախային ցուցանիշներ։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ նոր համակարգը պետք է պետական ծառայողների վարձատրության չափը կապի ոչ միայն պաշտոնի պատասխանատվության և կոմպետենցիաների, այլև արձանագրված արդյունքների հետ։ Փոփոխությունների հիմքում դրվել է նաև 2025-ի դեկտեմբերից պետական կառավարման առանձին մարմիններում իրականացվող կատարողականի գնահատման պիլոտային համակարգի միջանկյալ գնահատականը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում