Հունաստանում կայանալիք Սամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների առաջնությանը ՀՀ մարզիկների մասնակցության ֆինանսավորման առնչությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել։
Նախարարության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 2026 թվականին ֆեդերացիային արդեն իսկ հատկացվել է շուրջ 22.5 մլն դրամի դրամաշնորհ՝ տարբեր սպորտային միջոցառումներին սամբոյի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով:
Նախարարությունը տեղեկացվել է, որ հարկային ստուգումների արդյունքում ֆեդերացիայում հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրներ են առաջացել, և պայմանավորված մեկնարկած իրավական գործընթացներով՝ ֆեդերացիան հատկացված ֆինանսական միջոցների հասանելիության առումով ուներ սահմանափակումներ:
Հարցը քննարկվել է ֆեդերացիայի հետ, և ըստ ներկայացված տեղեկատվության՝ առաջացած խնդիրներն այս պահին կարգավորվում են։
Նախարարությունն առաջիկա օրերին հնարավորություն կունենա սահմանված կարգով ապահովել Հունաստանի Սալոնիկի քաղաքում աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների սամբոյի առաջնությանը ՀՀ մարզիկների մասնակցության ֆինանսավորումը՝ համաձայն ֆեդերացիայի հետ կնքված պայմանագրի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, ըստ որի՝ մարզիկներից 600 հազարական դրամ են խնդրել, որ նրանց ուղարկեն Աշխարհի սամբոյի առաջնությանը մասնակցելու, քանի որ կառավարությունը չի հոգացել Սամբոյի ֆեդերացիայի մարզիկների ծախսերը, և մինչ այս պահը այլ հովանավոր չեն կարողացել գտնել: