factor.am Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի բնակիչ Արթուր Սարգսյանը Factor TV-ին ահազանգել է, որ օրեր առաջ Արմավիրի բաժնի ոստիկանները թաղային տեսուչի գլխավորությամբ, իրեն խոշտանգել են։
«Դեպքից մի երկու ամիս առաջ մեր թաղայինի հետ զրույց է եղել. ինձ փող էին պարտք, չէին տալիս, դիմեցի թաղայինին, որ առանց կռվի լուծվի հարցը։ Բայց այդպես էլ խնդրին լուծում չի տրվել, ես էլ զանգել եմ 1-02։ Հետո էլի ենք զանգել մեր թաղայինին, ասել էր՝ դիմել եք 1-02-ին, գնացեք 1-02-ին էլ ասեք։ Կներեք արտահայտությանս համար, ասեց՝ «Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»։ Էդ մասին ոստիկանությանն ենք հայտնում, հաջորդ օրն ինձ կանչում են բաժին, ասում են, «Արթուր ջան, ի՞նչ ես ուզում անենք, հեռացնե՞նք իրեն աշխատանքից», ասում եմ․ «Հեռացնել պետք չի, ջահել է, թող աշխատի, ուղղակի, ասենք, կնոջս հետ խոսալը ո՞րն է կամ, ասենք, այդպիսի արտահայտություն անելը, ինքը կգա, ներողություն կխնդրի»»,- պատմել է Սարգսյանը։
Սարգսյանը նաև փոխանցել է նաև տեսանյութ, որում, ըստ նրա, կնոջ զրույցն է ոստիկանության տեսուչի հետ։ Նրա խոսքով՝ այդ իրադարձություններից երկու ամիս անց՝ սեպտեմբերի 15-ին 12:50-ի սահմաններում տանն է եղել, երբ իրեն է զանգահարել ոմն Աշոտ և ներկայացել Արմավիրի բաժնի աշխատակից և առաջարկել հանդիպել։
«Էդ ժամանակ հենց իջել եմ մեր հայաթ սիգարետը ձեռքիս, մեր թաղայինը ղեկից իջնում է ու ասում. «Սիգարետը հլը շպրտի ձեռքիցդ»։ Ո՛չ հակաճառել եմ, ո՛չ մի բան, գցեցի սիգարետը, մեկ էլ հետիններին ասում է․ «Ձերբակալում ենք»։ Եկան, թևիցս ոլորեցին (էդ թևս կոտրված է) ու նստեցրին ավտոյի մեջ ու սկսեցին ամենավերջին հայհոյանքներ տալը։ Հենց անմիջապես վարորդը հենց էդ թաղայինն է, շուռ եկավ ու հարվածեց դեմքիս, ու այդպես հարվածելով մինչև բաժին տարան։ Բաժնից իջեցրին ստորացված վիճակում, ասենք քիթս ասֆալտին կպած, սաղ ճանապարհին ինձ ասում էին. «Դու մեր ընկերոջ վրով սենց բաներ էիր ասում, հա՞, դե հեսա սրանից հետո կտեսնես»։ Տանում են բաժին են հասցնում, մինչև երկրորդ հարկ էլի գետնին կպած բարձրացնում են, ես ոչ մի բան, ոչ մեկին չեմ տեսնում, մեկ էլ ոտքերն եմ տեսնում։ Ու էլի սկսում են հարվածել այդտեղ»։