ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը՝ խաղաղապահության, սերժանտական կազմի և հրահանգիչների պատրաստության, ռազմական կրթության ու համատեղ զորավարժությունների ուղղություններով։ Ամերիկյան կողմը հայտնել է նաև նոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին։
«Սեպտեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք բարձր է գնահատվել փոխգործակցության ներկայիս մակարդակը։ Մասնավորապես, կարևորվել է խաղաղապահության, արհեստավարժ սերժանտական կազմի, հրահանգիչների և կրտսեր հրամանատարների պատրաստության, ռազմական կրթության, նաև համատեղ զորավարժությունների ու վարժանքների անցկացման և այլ ուղղություններով համագործակցության զարգացումը։
Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցությունն ընթացիկ ծրագրերի շրջանակում և պատրաստ է քննարկելու նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։