armenpress.am Ռուսաստանը և Չինաստանը սեպտեմբերի 17-ին վետո են դրել ՄԱԿ-ի բանաձևի վրա, որը ՄԱԿ-ի փորձագետներին լիազորում էր շարունակել Իրանի դեմ 2025 թվականին միջուկային ծրագրի պատճառով վերականգնված պատժամիջոցների մոնիթորինգը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները դեռևս ուժի մեջ են և, ի թիվս այլ միջոցառումների, դրանց համաձայն սառեցվում են Իրանի արտասահմանյան ակտիվները, դադարեցվում Թեհրանի հետ զենքի գործարքները, և պատիժ է սահմանվում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացման համար։
Օգտագործելով Իրանի և խոշոր տերությունների միջև 2025 թվականին կնքված միջուկային համաձայնագրի դրույթներից մեկը՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ակտիվացրել էին պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը, որը կոչվում է «snapback», և 2025 թ. սեպտեմբերի 27-ին վերականգնել էին Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Դրա շրջանակում ՄԱԿ-ի փորձագետների խմբին լիազորվել էր վերահսկել պատժամիջոցների իրականացումը։
Միացյալ Նահանգները մշակել էր բանաձև՝ ՄԱԿ-ի փորձագետների խմբի մանդատը մեկ տարով երկարաձգելու համար։ Առաջարկը մերժվել է ձայների 11-2 հարաբերակցությամբ՝ Ռուսաստանի և Չինաստանի վետոների պատճառով, իսկ Սոմալին և Պակիստանը ձեռնպահ են մնացել։
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը շնորհակալություն է հայտնել Չինաստանին և Ռուսաստանին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի վրա վետո դնելու համար՝ սոցիալական ցանցերում նշելով, որ այդ երկրները «կանխեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հերթական ցինիկ փորձը՝ օգտագործելու Անվտանգության խորհուրդը սեփական քաղաքական նպատակների համար»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում