armenpress.am Ամբողջ աշխարհում սովյալ մարդկանց թիվը մինչև 2030 թվականը կարող է հասնել 520 միլիոնի՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Ռուսաստանի հետ կապերի գծով բաժնի ղեկավար Օլեգ Կոբյակովը։
«Հաշվի առնելով Մերձավոր Արևելքի հակամարտության ազդեցությունը՝ մինչև 2030 թվականը 510-520 միլիոն մարդ առաջվա պես կբախվի սովի խնդրին», – ասել է Կոբյակովը՝ նշելով, որ մինչև ճգնաժամն այդ ցուցանիշը գնահատվում էր 503 միլիոն։
Նա ընդգծել է, որ կանխատեսումներ անելիս հաշվի չեն առնվել այլ հնարավոր ոչ բարենպաստ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծայրահեղ եղանակային երևույթները, որոնք կարող են խորացնել իրավիճակը։
«Այսպիսով, Մերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է լրացուցիչ այլ երկրների վրա ազդել էներգակիրների և պարարտանյութերի գների աճի միջոցով», – եզրափակել է Կոբյակովը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքի օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց իր հարվածներով։
Հակամարտության սրման պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գործնականում դադարեցվել է։ Այս ջրային ուղին նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի՝ համաշխարհային շուկա մատակարարումների առանցքային երթուղի է։ Սրա հետևանքով աշխարհի երկրների մեծ մասում վառելիքի գները բարձրացել են։