Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակի պարզաբանումները Factor TV-ին | factor.am

Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակի պարզաբանումները Factor TV-ին | factor.am

factor.am «ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի վիճարկել Ադրբեջանի նախկին հակամարտության գոտիներում հայկական ժառանգության հարուստ, պատմական հետքն ու ներկայությունը»,- հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Վիգանդը։

Factor TV-ն դիմել էր՝ ստանալու Եվրահանձնաժողովի մեկնաբանությունը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մշակութային ժառանգության վերաբերյալ վիճահարույց գրառման վերաբերյալ։

Սեպտեմբերի 11–12-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի իշխանությունների՝ դեպի Արցախի տարածքներ կազմակերպած այցից հետո X-ում գրել էր, որ «Լեռնային Ղարաբաղի որոշ մշակութային վայրերի ծագման շուրջ» Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում են «խորապես տարբերվող տեսակետներ և նարատիվներ», և դրանք պետք է քննարկվեն: Ադրբեջանի պաշտոնյաներն այդ այցի ընթացքում հերթական անգամ հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացրել էին որպես «կովկասյան աղվանական» ժառանգություն։

«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նշել է, որ մշակութային ժառանգության հարցը, ինչպես խաղաղության բազմաթիվ գործընթացներում է, հաշտեցման կարևորագույն տարր է լինելու։ Առայժմ, կարծես թե, հայկական և ադրբեջանական կողմերի միջև համաձայնություն չկա հարցի որոշ ասպեկտների, այդ թվում՝ պատմական փաստերի վերաբերյալ»,- մեկնաբանել է Քրիստիան Վիգանդը։

Այնուամենայնիվ, ԵՄ ներկայացուցչի այսպիսի ձևակերպումներն ու նմանատիպ այցերին մասնակցությունը, որոնց ժամանակ կասկածի տակ է դրվում հուշարձանների հայկական պատկանելությունը, կարո՞ղ են նպաստել հաշտեցմանն ու կայուն խաղաղությանը։

Քրիստիան Վիգանդի խոսքով՝ սա վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների՝ տեղական դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպած 22-րդ նմանատիպ այցն էր։

«Մենք կարծում ենք, որ դիվանագիտական համայնքի համար կարևոր է տեղում, սեփական աչքով տեսնել իրական իրավիճակը, քանի որ մենք ուղիներ ենք փնտրում՝ աջակցելու կողմերին չլուծված հարցերի կարգավորման գործում»,- ընդգծել է խոսնակը։

Մագդալենա Գրոնոն, ինչպես ինքն էր նշել X-ում իր գրառման մեջ, առաջին անգամ է մասնակցել Արցախ կազմակերպված այցին։

ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր գրառման մեջ օգտագործել էր նաև Ադրբեջանի պաշտոնյաների կողմից կիրառվող  «Արևելյան Զանգեզուր» անվանումը։ Միակողմանի նման տերմինաբանության օգտագործումն արդյո՞ք Հայաստանում չի ազդի ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի չեզոքության և անկողմնակալության նկատմամբ վստահության վրա։

«Արևելյան Զանգեզուրն իսկապես վերաբերում է Ադրբեջանի՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում գտնվող վարչական շրջանին։ ԵՄ-ն, ինչպես և Հայաստանն ու ողջ միջազգային հանրությունը, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- հայտնել է Քրիստիան Վիգանդը։

Եվրահանձնաժողովի խոսնակից նաև փորձել էինք պարզել՝ Բաքվում արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի նախագահի խորհրդականներ Հիքմեթ Հաջիևի ու Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպումների ժամանակ արդյո՞ք տիկին Գրոնոն բարձրացրել է Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների հարցը: Եթե այո, ապա ԵՄ ներկայացուցիչն ինչ մտահոգություններ ու կոնկրետ պահանջներ է ներկայացրել և ի՞նչ արձագանք է ստացել Ադրբեջանի իշխանություններից։

«Բաքվում պահվող հայերի ճակատագիրը զգայուն թեմա է, որը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն և ԵՄ այլ պաշտոնյաներ հետևողականորեն բարձրացրել են ադրբեջանցի զրուցակիցների հետ։ Մենք հույս ունենք, որ այս հարցը կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ավելի լայն հաշտեցման նրանց ջանքերի համատեքստում»,- տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Վիգանդը՝ փակագծեր չբացելով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն