azatutyun.am Ռուսաստանը պլանավորում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ «հիբրիդային» հարվածներ հասցնել Ուկրաինային աջակցող երկրներին, խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հղում անելով լեհական հետախուզական ծառայությունների տվյալներին, հայտնում է Reuters-ը:
Վարչապետի խոսքով՝ կա իրական ռիսկ, որ ռուսական հրթիռները կամ անօդաչու թռչող սարքերը կարող են հայտնվել ՆԱՏՕ-ի արևելյան թևում մեկ կամ մի քանի երկրների տարածքում և ավերածություններ պատճառել։
«Այս հնարավոր հարվածները այսպես կոչված պատահական բնույթի կլինեն և նպատակ կունենան կաթվածահար անել կամ առնվազն թուլացնել ՆԱՏՕ-ի երկրների վճռականությունը անդամներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում դաշինքի համապատասխան դրույթները կիրառելու հարցում», – ասել է Տուսկը։
Նա ենթադրել է, որ նման հարձակումները կարող են համընկնել եվրոպական երկրներում քաղաքական փոփոխությունների հետ, որտեղ իշխանության կարող են գալ խաղաղության կարգախոսներով հանդես եկող, բայց իրականում, նրա խոսքով, «Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիայի» կոչ անող ուժերը։
Ռուսաստանի արտգործնախարարը երեկ էր հայտարարել, որ եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները, թե Եվրոպան պետք է պատրաստվի պատերազմի, չեն համապատասխանում իրականությանը: Սերգեյ Լավրովը վստահեցրել էր՝ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի վրա: Իսկ եթե Եվրոպան հարձակվի Ռուսաստանի վրա, ապա այդ պատերազմը շատ կարճ կտևի, զգուշացրել էր նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում